Բարի օր Հասարակություն 

Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում /Լուսանկարներ/

analitik.am

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը: «Կովկասում և Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

Մրցանակները վկայում են առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը:

Մրցանակներն Ամերիաբանկին Երևանում շնորհեց IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը, որը նշեց. «IFC-ն շատ է կարևորում առևտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և զարգացման համար:

Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին և ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ»:

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն այս տարի շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի` միջնաժամկետ (մինչև 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն և ամենաակտիվ գործընկերներին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռևս 2009թ-ից և դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերը էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2019թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

IFC Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրը հիմնադրվել է 2005թ-ին և նպատակ ունի` զսպել տնտեսվարող սուբյեկտների առևտրային ռիսկերը պարտավորությունների երաշխավորման միջոցով: Ծրագրին մասնակցում է 285 ֆինանսական հաստատություն: Ծրագրի ընդհանուր արժեքն է 5 մլրդ ԱՄՆ դոլար: 2014թ-ին գործարկված` 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ միջնաժամկետ հատվածով` Սարքավորումների ֆինանսավորման համաշխարհային ծրագրով մինչև 5 տարի ժամկետով երաշխավորվում է որոշակի գործընկեր բանկերի և ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը` ուղղված կլիմայի փոփոխությունը կանխելու համար նախատեսված սարքավորումների ձեռքբերմանը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ifc.org:

 

Նույն շարքից