Հասարակություն 

Փոխքաղաքապետն այցելել է թիվ 52 դպրոց, որտեղ նախօրեին ուսուցչի նկատմամբ բռնություն է կիրառվել

analitik.am

Նախօրեին երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի թիվ 52 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը դասարանում, դասի ժամին, երեխաների ներկայությամբ անվայել բառերի ուղեկցությամբ քաշքշել է ուսուցչուհուն և ապտակել է նրան: Մինչ այս, մայրը պնդում էր, որ երեխայի նկատմամբ ուսուցչուհին շարունակաբար անբարյացակամ վերաբերմունք է դրսևորել, անգամ բռնության ենթարկել նրան: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները հետաքննություն են անցկացրել, բռնության փաստը չի հաստատվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։

Այսօր առավոտյան քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է դպրոց, նախ՝ զրուցել երեխայի հոր հետ, նրանից տեղեկացել տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի պնդել տեղեկությունը, թե երեխայի նկատմամբ դպրոցում տեղի է ունեցել բռնություն: Նա պատմել է, որ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում:
Տիգրան Վիրաբյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի հետ խորհրդակցություն է անցկացրել նաև դպրոցի տնօրինության և ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ:

«Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքն անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Մնացած հարցերի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները», - ասել է փոխքաղաքապետը:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ անկախ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման ընթացքը: Տիգրան Վիրաբյանն առաջարկել է ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան:

Նույն շարքից