Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան, որտեղ մեկնարկել է նրա գործով առաջին դատական նիստը:
Դատարան մտնելուց առաջ երրորդ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին իրեն սատարելու նպատակով դատարանի մոտ հավաքվելու համար. «Դուք մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը: Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ այսպես ասած՝ շառը-փորձանքից հեռու: Շատ շնորհակալ եմ»:
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու այն հանգամանքը, որ հույս կա Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ երբեք չմոռանալով ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով ու հեռանալով: