Իրավական Տեսանյութեր 

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել /տեսանյութ/

analitik.am

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Փետրվարի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Նալբանդյան գյուղի 27-ամյա բնակչի վարած մեքենայում ապօրինի զենք կա։

Մեքենան քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց Էջմիածին քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը և Էջմիածնի բնակիչ, 25-ամյա ուղևորը կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվելու ընթացքում ուղևորն ատրճանակը դուրս նետեց։

Այն դեպքի վայրի զննությամբ վերցվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։

25-ամյա երիտասարդի հայտնածով՝ ատրճանակն իրենն է։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից