Հասարակություն Տեսանյութեր 

Թող գնան մաքուր օդ շնչեն. Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության համակարգում մաղարիչով աշխատող չարացած մարդկանց մասին

analitik.am

Օրեր առաջ Անվտանգության խորհուրդն ինձ համար զեկույց է պատրաստել գլոբալ ցուցիչներում Հայաստանի տեղի վերաբերյալ: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել: Սակայն կան ցուցիչներ, որտեղ առաջընթաց չկա կամ առաջընթացը շոշափելի չէ: Մեզ ամենաշատն անհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ ցուցիչն է: Գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, ինչի համար կան բոլոր քաղաքական նախադրյալները: Կառավարության առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ նախ՝ չխանգարել, հետո՝ օգնել այնտեղ, որտեղ հնարավոր է»,-ասաց Փաշինյանը:

«Եկեք արձանագրենք, որ այսօր պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր երկար տարիներ կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել և ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի և այլն: Այդ մարդիկ շատ չարացած են ներկաների առնվազն մեծ մասի, հեղափոխության, ամեն ինչի վրա: Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, ով մտնում է իրենց կաբինետ, ստանում է այդ ամբողջ չարացվածությունը:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ այդ մարդկանց պետք է գտնել, նրանց լիցքաթափվելու հնարավորություն տալ: Թող գնան մաքուր օդ շնչեն, այլ զբաղմունք գտնելու: Մենք այդ պրոբլեմն այսօր ունենք: Պետք չէ դանակը հասնել ոսկորին, մարդիկ բաց նամակներ գրեն: Մենք ասել ենք, որ չենք պատրաստվում գերանդին առնել ու հնձել պետական կառավարման համակարգում, սակայն դա չի նշանակում, որ դա պետք է չարաշահվի, ինչն արվում է շատ նախարարություններում: Հերիք ա, ժամանակը սպառվել ա, պետք է պետական համակարգից գնան ու զբաղվեն այլ գործով, նաև՝ ընդդիմադիր գործունեությամբ: Այն կարող է նաև եկամտաբեր լինել, ավելի եկամտաբեր, քան իշխանություն լինել, ինչը նորմալ է»,-հավելեց նա:

Փաշինյանը նշեց, որ գլոբալ ցուցիչները կարևորում են ոչ թե թիթիզության համար, այլ նրա, որ միջազգային ներդրողները դրանց վրա են հիմնվում:

Նույն շարքից