Հասարակություն Տեսանյութեր 

Իմ կինը նույն անհեթեթ քաշքշուկի զոհն է դառնալու. Զարեհ Սինանյան

analitik.am

Այսօր՝ փերվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է հայրենադարձության հետ կապված խնդիրների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է նամակին, որը վարչապետը ստացել ու հրապարակել էր իր էջում, ապա հանձնարարականներ տվել մի քանի գերատեսչությունների:

«Այստեղ երկու խնդիր կա: Մեկը կապված է օրենքի հետ: Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Իմ կարծիքով, անցյալում դա միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ լինեին: Այսինքն, հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ընդունողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո կարող էր ավելի հակված լինել ներվերը և ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծել: Հիմա հարցն ինչ-որ առումով լուծված է: Համակարգն այնքան անհեթեթ է, որ ցանկանաս էլ չես կարող ստեղծել: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ մեր մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին: Մեր պետական ծառայողների մոտ նման խնդիր կա: Դուք ինձանից երկար եք ապրում Հայաստանում, ինձանից լավ գիտեք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու 2 տարվա մեջ այդ հարցը չի լուծվել, Սինանյանն ասաց, որ ուշադրությունը սևեռված է եղել ավելի կարևոր խնդիրներին:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությանը, թե հարյուրավոր ընտանիքներ ԱՄՆ-ում տները վաճառել են ու գալիս են Հայաստան, Սինանյանն ասաց, որ մեծ քանակությամբ մարդիկ եկել են. «Դրանք այն թվերը չեն, որոնց շուրջ ծրագրեր ենք ուզում ստեղծել, սակայն որոշ թվով մարդիկ եկել են»:

«Իմ կինն այսօր գտնվում է Հայաստանում, ուզում է իր քաղաքացիության թղթերը ստանալ: Նա նույն անհեթեթ քաշքշուկի զոհն է դառնալու: Նրա ծնողները ծնվել են Բուլղարիայում, նա՝ ԱՄՆ-ում, նրա ազգանունն այսօր այն չէ, ինչ ունեցել է ծնվելիս: Այդ պատճառով մի պատուհանից մյուս պատուհան, մի բյուրոկրատից մյուս բյուրոկրատ պետք է վազվզի»,-հավելեց նա:

Նույն շարքից