Հասարակություն Տեսանյութեր 

Պարգևավճար են ստացել հենց այն անձինք, ում բացթողման արդյունքում մենք կորցրել ենք 10 աշակերտուհու. Աղեկյան

Դուք քաղաքապետ աշխատող անձի կողմից շատ ժրաջան ստանում եք պարգևավճարներ՝ դա անելով զրո աշխատանքի դիմաց: Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Սոնա Աղեկյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պաշտոնակատար Էդգար Գալստյանին:

«Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի առջև Երևանի քաղաքի պաշտոնատար աշխատակիցների սխալ աշխատանքի, միգուցե՝ աշխատանքի բացակայության արդյունքում մենք կորցրեցինք 10-ամյա աշակերտուհու: Դա տեղի ունեցավ հենց նրա ծնողի ներկայությամբ: Պարգևավճար ստացած անձանցից քանի՞սն են պատասխանատվության ենթարկվել: Այնտեղ բազում խնդիրներ կային, չկային ճանապարհատրանսպորտային նշաններ: Այնտեղով երթևեկում են նաև օտարերկյա վարորդներ, ովքեր պարտավոր չեն իմանալ փողոցի այդ հատվածում դպրոցի ու մանկապարտեզի գոյության մասին: Պարգևավճար են ստացել հենց այն անձինք, ում բացթողման արդյունքում մենք կորցրել ենք աշակերտուհու: Խնդրում եմ անուններ տալ, թե ովքեր են պատասխանատվության ենթարկվել այդ բացթողման համար»,-ասաց Աղեկյանը:

«Դուք նոր հանցագործության մասին հաղորդում տվեցիք: Դուք իրավապահ մարմինների տեղը գիտեք, կարող եք հարցով դիմել նրանց: Նրանք կտան սպառիչ պատասխան, հանցագործություն կատարած անձին պատասխանատվության կենթարկեն»,-ասաց Գալստյանը:

Ինչ վերաբերում է դպրոցի հատվածում նշաններին, Գալստյանն ասաց, որ Երևանում ճանապարհային երթևեկության կազմակերպումը ոստիկանական գործառույթ է. «Մենք ամեն ինչ անում ենք իրար հետ համագործակցելով: Ձեր ասած հատվածում դեռ դեկտեմբերին նախատեսել էինք հետիոտնային կանչով աշխատող լուսացույցի տեղակայում: Աշխատանքները կկատարվեն այս տարի, մինչև տարվա վերջ լուսացույցը կտեղադրվի: Ցավոք, սատանան իր գործը մի քիչ շուտ արեց»:

Պաշտոնյան նաև ասաց, որ հաջորդ օրը եղել է դեպքի վայրում և գծանշումները տեսել է:

«Դուք ստում եք, այնտեղ մինչև այսօր գծանշումներ չկան: Դուք այնտեղ հաջորդ օրը չեք եղել, դուք եղել եք ամսի 8-ին, ես գիտեմ»,-ասաց Աղեկյանը:

Բանախոսը հայտարարեց, որ ինքը դեպքի վայրում եղել է հաջորդ օրը՝ անկախ նրանից, որ այդ օրը եղել է շաբաթ՝ ոչ աշխատանքային:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից