Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը,  պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից