Հասարակություն 

ՓՊ նախագահն առաջարկում է վերանայել տուգանային միավորների կիրառման մեխանիզմը

analitik.am

«Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հետևյալ խնդիրներն են ներկայացվել՝

1.Տուգանային միավորների մասով՝

Պետությունն այս հարցով գնացել է խստացման ճանապարհով, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն:

Տեսանկարահանող սարքերը ներդրվել են 2012 թվականից:

Վիճակագրական տվյալների համաձայն արձանագրվել է՝
2011թ.՝ 2319 ՃՏՊ, 327 զոհ,
2018թ.՝ 4111 (77%-ով ավել), 343 (4%-ով ավել) զոհ

Պետությունը փորձել է խնդիրը լուծել տուգանային միավորի համակարգ ներդնելով:

Տուգանային միավորներ են սահմանվել նաև մարդու կյանքի անվտանգության հետ չառնչվող որոշ խախտումների համար, օրինակ՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու, ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու, կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է՝

- վերանայել տուգանային միավորների կիրառման մեխանիզմը և այն կիրառել միայն մարդու կյանքի անվտանգության հետ կապված դեպքերում.

- պայմանականորեն նշած միջին խախտման դեպքերում (որոնց համար այսօր կիրառվում է տուգանային միավոր) կիրառել տուգանք, սահմանելով, որ որոշակի ժամկետում տուգանքը չվճարվելու դեպքում, կկիրառվի տուգանային միավոր.

- այն վարորդներին, որոնց ապուստի հիմնական աղբյուրը մեքենա վարելն է, շնորհել լրացուցիչ միավորներ:

2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) վտանգների մասով

ՎԻՎՕ (ընդունվել է 1985թ. ՀԽՍՀ կողմից) 1993թ. սկսել է փոփոխվել: Առ այսօր փոփոխվել կամ լրացվել է 240 անգամ: Այսինքն օրենսդիր մարմինը 240 օրենք է ընդունել միայն օրենսգրքում փոփոխություն կատարելու համար, որից 18 օրենք ընդունվել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից:

ՎԻՎՕ-ի համաձայն՝

- վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում ..... ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ....դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր .... գործողությունը կամ անգործությունը..,

- վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՈԳՈՎ.

- շատ հոդվածներում ներառված են ԽՍՀՄ օրենսդրությունը պահպանելու, սոցիալիստական իրավագիտակցությամբ ղեկավարվելու պահանջներ:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է՝

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից հանել ԽՍՀՄ հետ կապ ունեցող ձևակերպումները:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Նույն շարքից