Տնտեսություն 

2018 թվականին այս կառավարությունը ձախողեց ոռոգման ջրի մատակարարման փուլը․ Սուրեն Պարսյան

analitik.am

Հայաստանում 2019 թվականին գյուղատնտեսության ոլորտը 4 տոկոս անկում է գրանցել, որը պայմանավորված է, որ այս կառավարությունն ի դեմս Էկոնոմիկայի նախարարության ձախողել է գյուղատնտեսական ոլորտի աջակցման բոլոր ծրագրերը՝ սկսած գյուղատնտեսական ապահովագրությունից, սուբսիդավորումից, ենթակառուցվածքներից: Պետական ծրագրերը չեն կարողացել ժամանակին և ամբողջական ծավալով կատարել: Այս մասին Analitik.am-ին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա, գյուղատնտեսական ոլորտի կառավարման լրջագույն խնդիր կա, քանի որ կառավարությունը որոշեց միացնել գյուղնախարարության հսկա ոլորտն Էկոնոմիկայի նախարարությանը և դրանից տուժեց գյուղատնտեսության ոլորտի մենեջմենթը․ «Օր առաջ պետք է վերանայեն իրենց մոտեցումը. գյուղատնտեսության նախարարությունը մեր երկրում անհրաժեշտություն է»,-ասաց Պարսյանը:

Տնտեսագետը նաև փոխանցեց, որ գյուղոլորտում անկում է գրանցվել 2016 թվականից, որը պայմանավորված էր ուռճացված թվերի մաքրմամբ. տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ուռճացված թվեր՝ խաղողի մթերման, ցանքատարածությունների և այլնի հետ կապված: Կարեն Կարապետյանի կառավարությունը սկսեց այդ ցուցանիշների մաքրումը, ինչի հետևանքով, չնայած 2017 թվականին 7.5 տոկոս տնտեսական աճ գրանցվեց, սակայն գյողոլորտում՝ անկումներ գրանցվեցին:

Պարսյանի համոզմամբ, գյուղոլորտում հիմնական խնդիրն առաջացավ 2013-14 թթ, երբ ռուբլին արժեզրկվեց, իսկ դրամը մնաց արժեվորված և կոնյակի, գինու արտահանումները կրճատվեցին, գյուղատնտեսներն իրենց արտադրած խաղողը, լոլիկը չկարողացան մթերել․ «Գյուղատնտեսության զարգացման համար առնվազն պետք է 3-4 տարվա համար կանախատեսելի պահանջարկ, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվողներն իմանան, որ 3-4 տարի հետո իրենց բերքը վաճառվելու է։ Իսկ եթե հիմա այգի տնկեն, այդ երաշխիքը, պլանավորումը մեր երկրում չկա»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի գյուղատնտեսության նախարարությունը ոլորտը ոտքի հանելու համար, տնտեսագետն առաջարկեց ոլորտին տալ 3-4 տարվա երաշխիք, որ բերքը կիրացվի։ Ոլորտում զբաղվողները կստանան համապատասխան ծավալի ծառայություններ, սուբսիդավորում կլինի, ջրի խնդիրը կլուծվի. «2018 թվականին այս կառավարությունը ձախողեց ոռոգման ջրի մատակարարման փուլը, ինչի արդյունքում որոշ տեղերում երաշտ եղավ և բերքի մասով խնդիր առաջացավ»:

Պարսյանի խոսքերով պետք է լինի արդյունավետ մենեջմենթ․ «Մեր գյուղոլորտում խնդիր ունենք արդյունավետության մասով, հին ձևով ենք գյուղատնտեսություն վարում: Պետությունը պետք է  փորձի արդյունավետության միտված քաղաքականություն իրականացնել և փորձել ավելացնել մթերատու անասնապահությունը, բերքատվությունը: Սրանք երկարաժամկետ ծրագրեր են։ Ցավոք այդ ծրագրերը վերջին տարիներին չեն մշակվել»,-ասաց նա:

Տնտեսագետը համոզված է, որ առաջիկա տարիներին գյուղոլորտում աճ չենք կարող ակնկալել, որակական փոփոխություններ ևս, սակայն պետք է հիշել, որ մեր աշխատուժի մեկ-երրորդն այս ոլորտում է, իսկ անկումը նշանակում է գյուղոլորտի աշխատուժի կենսամակարդակի նվազում, որն էլ իր հերթին հանգեցում է արտագաղթի և հարակից խնդիրների:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից