Հասարակություն 

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ

analitik.am

2020 թվականի փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող և ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների մոտ մեծացնելու հետաքրքրությունը սահմանադրական իրավունքին, սահմանադրական արդարադատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին։ Նա նաև նշել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն, և հաղթողների պարգևատրումը կկազմակերպվի 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը։ Հանդիպման մասնակիցների առաջարկությունների հիման վրա կատարվել են որոշակի ճշգրտումներ մրցույթի կազմակերպման հարցում։

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը և հանդիպմանը մասնակցող Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանել են նաև քննարկման մասնակիցներին հուզող հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի և տարբեր համալսարանների միջև հնարավոր համագործակցության հարցերին, որոնց կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հայտնել է ՍԴ պատրաստակամությունը բուհերին՝ իրենց առաքելության գործում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։

Նույն շարքից