Հասարակություն Տեսանյութեր 

Անդրանիկ Քոչարյանը Ջալալ Հարությունյանին համեմատեց Մոնթե Մելքոնյանի հետ

analitik.am

Նշանակվել է մի մարդ, ով ունի բավականին խարիզմատիկ կերպար, ով իր ծառայության ընթացքում՝ շարքային զինվորից մինչև ղեկավար անձնակազմ, ունեցել է խարիզմատիկ կերպար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Արցախի ՊԲ նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանի մասին. «Մեր բանակին շատ անհրաժեշտ են այդպիսի խարիզմատիկ կերպարները: Հիշեք 90-ականները, երբ մենք ունեինք հենց այդպիսի խարիզմատիկ հրամանատարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան: Բոլորը լեգենդար են: Բոլոր հերոսներն իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին: Մեկը հերոսի շքանշան ստացել է, մյուսը՝ չի ստացել: Բայց Եռաբլուրում գտնվող մեր բոլոր ընկերները հերոսներ են»:

Քոչարյանի խոսքերով, Ջալալ Հարությունյանը փոխարինել է Կարեն Աբրահամյանին, ով իր ինտելեկտուալ պոտենցիալով բավականին մեծ անելիքներ պետք է ունենա հայկական ԶՈւ-երում. «Ջալալն արժանի փոխարինող կլինի նրա համար և կշարունակի Զինված ուժերի ուժեղացումը, ինչը մեր երկրին անհրաժեշտ  է որպես ընդհանուր անվտանգային համակարգ»:

Քոչարյանը խոսեց նաև բանակ զորակոչվող երիտասարդների մասին՝ հայտարարելով, թե պետք է հասնել նրան, որ եթե զորակոչվել է սահմանափակ առողջական խնդիրներ ունեցող երեխա (օրենքի սահմաններում), նա պետք է զորացրվի ավելի առողջ, քան՝ զորակոչվել է. «Զորակոչվելուց հետո պետք է հոգատարությամբ առողջացնել զինվորին: Բանակից զորացրվողը պետք է լինի մեկ մակարդակ ավելի բարձր: Նախկինում ասում էին, որ բանակից տղամարդ են վերադառնում: Հիմա նաև որպես հպարտ քաղաքացի պետք է վերադառնալ»:

Նույն շարքից