Իրավական Տեսանյութեր 

Դա սարքված, մոնտաժված տեսանյութ է․ Էդուարդ Մարտիրոսյանը՝ Հայաստանում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին

analitik.am

Դա սարքված, մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող։ Մենք դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը խոսելով օրեր առաջ համացանցում տարածված մի տեսանյութի մասին, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում ՀՀ ԱԱԾ-ի մասին:

Խոսելով կադրային փոփոխությունների մասին Մարտիրոսյանը նշել է, որ կադրային փոփոխություններ եղել են և կլինեն․ «Կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի այդպիսի կադրային ջարդ իրականացնել։ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, մարդիկ բարձր պատասխանատվության զգացումով կատարում են իրենց աշխատանքը»։

Անդրադառնալով Դիանա Հարությունյան ֆեյք էջին, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ քրեական գործ է հարուցված և պետք չէ կենտրոնանալ դրա վրա, քանի որ վերջերս լուսաբանել են նաև քրեական գործ՝ կապված մեկ այլ ֆեյք էջի հետ․ «Իսկ այն ֆեյք էջերը, որոնք կլինեն սպառնալիք մեր ազգային անվտանգությանը, դրանք մեր  կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-ասել է նա՝ նշելով, որ երեք քրեական գործ է հարուցվել տարբեր օգտատերերի նկատմամբ, որոնք սպառնալիքներ են հնչեցրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը։

Մարտիրոսյանը նշել է նաև՝ եթե ցանկացած՝ կլինի սատանիստական շարժում կամ գուցե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությանը, օրենքի խստությամբ կպատժվեն։

Խոսելով ձերբակալությունների մասին ԱԱԾ պաշտոնակատարը նշել է, որ ձերբակալություններ եղել են և կլինեն․ «Դրանք ընթացիկ գործընթաց է, որը միշտ լինում է ԱԱԾ-ում։ Գրեթե բոլորի դեմ հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են թե՛ մեր Քննչական դեպարտամենտում թե՛ Հատուկ քննչական ծառայությունում և թե՛ Քննչական կոմիտեում։ Իհարկե այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է և կլինեն աղմկահարույց գործեր»։

Նույն շարքից