Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի դեմկուսը համակիրներին հորդորում է չմասնակցել սահմանադրական հանրաքվեին

analitik.am

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում կայացրեց դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին չմասնակցել ս.թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Նման դիրքորոշման հիմնավորումները՝ ստորև.

Խորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետև խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել:

Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար:

Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների և օրենսդիր և գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաև յուվենալ արդարադատության և նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում:

Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը և զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի և մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության և սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք և առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաև լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, և, ոչ պակաս կարևոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը:

Նույն շարքից