Հասարակություն 

Ո՞վ է պատասխանատու, որ մանկատան երեխաները հայտնվել են փողոցում

analitik.am

Երբ հայտնի դարձավ, որ 2019 թվականից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այլևս չի ֆինանսավորում մանկատները և հատուկ դպրոցները, այս ոլորտում սկսվեց ընդգրկված երեխաներին հապշտապ խնամատար ընտանիքների ինստիտուտը խորացնելու և ցերեկային ծառայություններ մատուցող ՀԿ-ների փնտրտուքը:

Որոշ կենտրոններ արդեն սեպտեմբերից ֆինանսավորում չունեին, այլ միայն նախարարության խոստումները, որ լավ է լինելու։ Սակայն ինչպես պարզվում է, այդ «լավ է լինելու»-ն մանկատան և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ոչ կրթական, ոչ բժշկական, ոչ հոգեբանական, ոչ էլ տանիք չի ապահովել, միայն գովազդ նախարարությանը: Եվ Զառա Բաթոյանի երևի թե միակ ճշմարտացի գրառումը, որ «Ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել»:

Analitik.am-ը զրուցեց սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներից մեկի ղեկավարի հետ։ Վերջինս ներկայացրեց այն համայնքների ղեկավարների կարծիքը, որտեղ աշխատում է: Ըստ այդմ, ցերեկային խնամքի և զարգացման ծառայությունների կարիք ունեցող երեխաները մնացել են բախտի քմահաճույքին, քանի որ համայնքներում նախ պետք էր համապատասխան պայմաններ ապահովել մանկատան, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, հետո փակել այդ հաստատությունները:

«Նախարարությունը չի լուծել երեխային ընտանիքից դուրս մղող գործոնը, ինչի հետևանքով երեխան հայտնվել է  մանկատանը և անգամ համայնքում ծառայություններ մատուցելու պարագայում դեռ չի նշանակում, որ ընտանիքի նախկին խնդիրները վերացել է: Ոչ ընտանիքն է աջակցութուն ստացել, ոչ էլ համապատասխան պայմաններ են ստեղծվել երեխաների համար»,- ասաց նա:

Ըստ աղբյուրի, մեծ խնդրի առջև են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, որովհետև, երբ աղքատ երեխան ետ է գալիս աղքատ ընտանիք՝ գլոբալ առումով նրա համար շատ բան չի փոխվում: Երբ ընտանիք է վերադառնում հաշմանդամություն ունեցող երեխան, ով մասնագետի աջակցություն էր ստանում՝ նրա հետ կապված կարող է երեխայի մոտ առողջական հետընթաց լինել․ «Մտավոր խնդիրներ ունեցող և աուտիզմով երեխաների համար հատկապես շատ ծանր է, երբ մասնագետ է փոխվում, պայմաններ են փոխվում։ Դա շատ ծանր է ազդում նրանց վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խնդրի ֆինանսական կողմին, նա ասաց, որ մասնավորապես իրենց կենտրոնը տարիներ շարունակ  երեխաների զարգացմանն ուղղված ծառայություններ է մատուցել, սակայն, քանի որ կարգն այժմ փոխվել է և դարձել մրցութային, ֆինանսավորում չունեն:

Ըստ նրա, նոր կարգն անհավասար պայմաններ է ստեղծել տեղական ՀԿ-ների և միջազգային կառուցների միջև: Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել են, որ լուրջ չընդունեն, քանի որ շուտով վաուչերային համակարգ է գործելու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա որոշակի գումարի շրջանակներում կունենա վաուչեր և կընտրի, թե որ մասնագետի ծառայություններից օգտվի:

Ըստ նրա, այս տարի հաղթել է «Վորլդ վիժն» կազմակերպությունը, որն ինքնուրույն երբեք երեխաների զարգացման ծառայություններ չի մատուցել՝ միայն պատվիրակել է։ Ավելին, դեռևս որևէ ծառայություն չի մատուցում, քանի որ, ըստ որոշ լուրերի, ոչ մատչելի տարածքներ ունեն, ոչ էլ մասնագետներ:

Իսկ թե ինչպես է այս կազմակերպությունը հաղթել մրցույթում՝ չունենալով պայմաններ և մասնագետներ, աղբյուրը նշեց, որ մրցութային փաթեթում երևի նշված է, որ ունեն, իսկ նախարարությունը չի ստուգում արդյոք մրցութային փաթեթներում գրվածը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Անգամ նախարարությունը կամ տեղյակ չէ, կամ չի էլ հետաքրքրվում, որ «Վորլդ վիժն» կազմակերպությունն արդեն երկու ամիս է ծառայություն չի մատուցում, մասնավորապես՝ Նոյեմբերյանի, Դիլիջանի և Վարդենիսի տարածաշրջաններոմ:

«Գաղափարը լավն է, որ երեխան պետք է մեծանա ընտանիքում, սակայն որքանով է այդ ընտանիքը պատրաստ երեխային կրթելու և դաստիարակելու, այստեղ է խնդիրը: Եվ երեխաները պետք է սպասեն այնքան, մինչև հաղթած կազմակերպությունները սկսեն գործել, կամ որոշեն մրցույթ անեն»,- ասաց նա:

Իսկ թե որն է այս խառնաշփոթի պատճառը, մեր աղբյուրը նշեց՝ ոլորտում պատասխանատուների անփորձությունը։ Կասկածելի է նաև, որ մեկ օրում նախարարությունը հավաստագրել է կազմակերպություններ, հաջորդ օրը մրցույթ հայտարարել, և անգամ ստուգման մեխանիզմ չունեն:

«Չեղած տեղից այդ երեխաների համար պրոբլեմ առաջացավ: Սոցապ նախրարության անփորձության պատճառով խնամքի կենտրոնները փակվեցին և մրցույթում հաղթած կազմակերպոթյունները դեռևս չեն գործում։ Հայտնի չէ, թե երբվանից կսկսեն ծառայություններ մատուցել. վնաս կրողը երեխաներն են»,-ասաց աղբյուրը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից