Կորոնավիրուս Հասարակություն Վերլուծական 

Կորոնավիրուսի կասկածանքով «Գոլդեն փելես»-ում գտնվող մարդկանց դեմքը ցուցադրելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է

analitik.am

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերմամբ հարցերն ավելի շատ ավելացել են, քան պակասել: Նախ ինչո՞ւ են վիրուսի կասկածով մարդկանց հավաքել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Ակնհայտ է, որ մենք համապատասխան կլինիկա չունենք, որ կարողանանք արտառոց, խիստ վտանգավոր իրավիճակների դեպքում մարդկանց որոշակի բուժհաստատությունում պահել:

Այս ֆոնի վրա որոշ բուժկառույցների փակումը կամ միացումն ուղղակի ծիծաղելի է, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե վաղն ինչ վիրուս է հայտնվելու և արդյոք երկիրը պատրաստ է մեկ այլ վիրուս կանխարգելելու։

Երկրորդ, Ծաղկաձորը հանգստյան գոտի է և այնտեղ տանել կորոնավիրուսով կասկածելի դեպքերը՝ հարված է զբոսաշրջությանը: Եվ որևէ լայֆ, ընտանեկան հանգիստ, զանազան կոչեր, կառավարության կուտակումներ Ծաղկաձորում առ ոչինչ է, եթե անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվում, դեռ ավելին՝ հարված է հասցվում զբոսաշրջային ոլորտին:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին. հյուրանոցում նկարահանել են այն մարդկանց դեմքերը, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ։ Ի դեպ, դեռ ոչինչ չի հաստատվել և նկարահանումն արդեն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և այն էլ առանց այդ մարդկանց տեղյակ պահելու:

Նկատի ունենանք, որ Իրանում մարդիկ պատրաստ են հրկիզելու այն հիվանդանոցը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները։ Հայաստանում անգամ վիրուսի կասկածը հերքելուց հետո՝ այդ մարդիկ խնդիրներ կունենան հասարակության մեջ։ Վիրուսից պաշտպանվելու կոչերը, տեղեկատվական թերթիկներն ամենուրեք են։ Կասկածելի դեպքեր կրողների դեմքը ցուցադրելը և նրանց շոուի մաս դարձնելն անընդունելի է։

Չի բացառվում, որ հետագայում իրավաբանական նոր կոդեքս կկիրառվի նման դեպքերում մարդկանց դեմքերը ցուցադրելու համար։ Ավելին այդ մարդիկ պետք է լինեն առանձնացված և հսկողության ներքո, ոչ թե ֆիլմի հերոսներ։ Հուսանք, որ ժամանակ հետո նման մոտեցումն արդեն չի համարվի ոչ միայն մարդու իրավունքների խախտում, այլև քրեական պատասխանատվություն կենթադրի:

Սահմանային իրավիճակի բուժհսկողությունն ակնհայտ է, որ բավարար չէ։ Նախարարության մոտեցումը․ կորոնավիրուսի թեսթ չանել այն անձանց, երբ նրանք կորոնավիրուսի օջախ-երկրից են գալիս, սակայն արտաքին  ախտանշաններ չունեն՝ ոչ մասնագիտական մոտեցում է:

Արդեն ոչ մասնագետներին էլ հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվածները նախնական շրջանում ախտանշաններ չեն ունենում: Այսքանից հետո լսել Առողջապահության պատասխանատուների՝ մեր մասնագետներին մի անհանգստացրեք, հետևեք պաշտոնական հաղորդագրություննեին, ոչ մի վտանգ չկա՝ հակառակ ազդեցությունն է թողնում:

Քանի որ այն ինչ ասում է Առողջապահության նախարարությունը, պետք է հակառակը հասկանալ՝ լրիվ ծուռ հայելիների թագավորություն է։ Իսկ այդ թագավորությունը ղեկավարում Արսեն Թորոսյանը, և թերևս այս դեպքում անվանումը համապատասխանում է բուն էությանը:

Եվ այս կորոնավիրուսային հայկական իրականությունը թեթևամտության, անպատրաստ լինելու, անհեռանկարայնության և ոչ կոմպետենտ լինելու արդյունք է:

Մնում է սպասել, թե կորոնավիրուսը դեռ ինչքան կդիմանա պրոֆեսիոնալ PR-ին. PR-ը կհաղթի կորոնավիրուսի՞ն, թե հակառակը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից