Գլխավոր Քաղաքականություն 

Ֆինանսների նախարարությունում 2019-ին մոտ 1 միլիոն դոլար պարգևավճար են ստացել․ Նախարարի ստացած պարգևավճարի չափը հրաժարվել են հայտնել

analitik.am

ՀՀ Ֆինանսների նախարարությունում 2019-ին ստացել են 524 818 136 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։ Նշել են նաև, որ 2019-ին նախարարությունում ամեն ամիս պարգևավճար է ստացել մոտ 344 աշխատակից։

Ֆինանսների նախարարությունը հրաժարվեց հայտնել, թե ինչքան պարգևավճար են ստացել նախարարը և փոխնախարարները 2019 թվականին՝ ասելով, թե այդ մասին տեղեկատվություն կարող ենք գտնել եկամուտների մասին հայտարարագրերում, երբ դրանք հրապարակվեն։ Analitik.am-ի լրագրողը փորձեց բացատրել նախարարությանը, որ հանրային միջոցների օգտագործման մասին տեղակատվությունը նախարարությունն իրավունք չունի գաղտնի պահել ԶԼՄ-ից և հասարակությունից, սակայն նախարարությունից կտրուկ հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափի մասին՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց՝ առանց աշխատողի գրավոր համաձայնության։

Մեր այն բացատրությանը, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի կարող համարվել աշխատող, ում կողմից պետական բյուջեից ստացած պարգևավճարների չափը կարող է համարվել անձնական տվյալ և գաղտնի պահվել, նախարարությունից պատասխանեցին, որ ավել տեղեկատվություն չեն կարող տրամադրել այս պահին, պետք է սպասել հայտարարագրին։

Նշենք, որ Analitik.am -ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար, թե արդյոք վերջինս տեղյակ է, որ որոշ նախարարներ ցանկանում են գաղտնի պահել հանրային միջոցներից ստացած պարգևավճարների չափը, արդյոք իր  հրահանգով է դա արվում և արդյոք իրավունք ունեն ժողովրդավարական երկրի բարձրաստիճան պետական պաշտոնյաները թաքցնել պետբյուջեից ստացած պարգևավճարների չափը հասարակությունից՝ հորդորելով  սպասել հայտարարագրերի հրապարակմանը։

Նույն շարքից