Գլխավոր Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանը 9 ամսում ստացել է մոտ 15 000 ԱՄՆ դոլար պարգևավճար

analitik.am

ՀՀ ԱԳՆ-ում 2019 թվականին ստացել են 325 192 098 ՀՀ դրամ՝ մոտ 680 000 ԱՄՆ դոլար,  պարգևավճար։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ 2019 թվականին պարգևավճարներ ստացել են նախարարության կենտրոնական ապարատում աշխատող բոլոր աշխատակիցները՝ 321 հոգի։

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը պարգևավճար չի ստացել, աշխատավարձն էլ կազմել է 693 896 ՀՀ դրամ։ Ապրիլի 1-ից սկսած Մնացականյանի ամսական եկամուտը կազմել է 1 500 000 ՀՀ դրամ, որից մոտ 700 000 ՀՀ դրամն աշխատավարձ, մոտ 800 000 ՀՀ դրամն էլ՝ պարգևավճար։ Զոհրաբ Մնացականյանը 9 ամսում ստացել է մոտ 7 200 000 ՀՀ դրամ՝ մոտ 15 000 ԱՄՆ դոլար պարգևավճար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների աշխատավարձը մինչև 2019-ի թվականի ապրիլի 1-ը եղել է մոտ 500 000 ՀՀ դրամ, պարգևավճար չեն ստացել։  Ապրիլից սկսած փոխնախարարների ամսական եկամուտը եղել է մոտ 1 100 000 ՀՀ դրամ, որից մոտ 500 000 ՀՀ դրամն՝ աշխատավարձ, մոտ 600 000 ՀՀ դրամն էլ՝ պարգևավճար։ ԱԳ փոխնախարարներից յուրաքանչյուրը 9 ամսվա ընթացքում ստացել է մոտ 5 400 000 ՀՀ դրամ՝ մոտ 11 000 ԱՄՆ դոլար, պարգևավճար։

ԱԳՆ աշխատակիցներին տրամադրված պարգևատրումների գումարի  30 130 552 ՀՀ դրամը հատկացվել է «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ից ՝ 2018-ի երկրորդ կիսամյակի հաշվետվությունների հիման վրա, 264 974 212  ՀՀ դրամը՝ «2019-ի բյուջեով հատկացված պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդ»- ից, 30 087 334 ՀՀ դրամն էլ՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ից՝ 2019-ի առաջին կիսամյակի հաշվետվությունների հիման վրա։

Հիշեցնենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն թաքցնել պետական բյուջեից ստացած պարգևավճարների չափի մասին տեղակատվությունը ԶԼՄ-ներից և հասարակությունից։

Նույն շարքից