Կորոնավիրուս Հասարակություն Վերլուծական 

Հայաստանում գտել են կորոնավիրուսից բուժման «դեղամիջոցը»

Պարզվում է, որ միայն Հայաստանում են գտել, թե ինչպես բուժել կորոնավիրուսը: Այդ դեղամիջոցի հայտնաբերման հեղինակները ոչ թե գիտնականները կամ դեղագործներն են, այլ իշխանությունները: Եվ դա հանրաքվեն է:

Այո, պարզվում է, որ հանրաքվեի միջոցով երկրիս բոլոր ախտածին մանրէները կոչնչանան, անգամ կորոնավիրուսը կբուժվի: Կհարցնեք՝ իսկ քարոզարշավնե՞րը, իսկ քարոզարշավներն ինտենսիվ թերապիան է:

Քարոզարշավների տրամաբանական ավարտը լինելու է ապրիլի 5-ը։ Այդ օրը համահայկական ինքնամաքրում է տեղի ունենալու և բուժումն ազգի համար վերջնական կլինի: Անգամ սփյուռքահայության շրջանում բուժման դեպքեր կգրանցվեն: Վերջին մոտեցումը վերջնական չէ, սակայն դեղամիջոցի հայտնագործողները հույս ունեն, որ դեղամիջոցը բուժում է նաև տարածության վրա և միայն հայերին:

Ասում են, որ Իտալիայից, Վրաստանից, Իրանից ու Չինաստանից հատուկ խմբեր են գալիս երկիր Նաիրի, որպեսզի նախնական տեղեկանան, թե իրենց երկրներում ինչպես բուժեն և ինչպես նույն դեղամիջոցը կիրառեն նաև իրենց երկրներում:

Դժվար է ասել՝ մեր իշխանությունները կհամաձայնե՞ն կիսվել դեղամիջոցով, քանի որ ըստ մեր աղբյուրների, իշխանություններն այնպիսի դեղամիջոց են մտածել, որն ազդում է միայն հայու գենի վրա:

Կորոնավիրուսի բուժման նախնական տվյալներն են՝ քարոզարշավները, հռետորաբանությունը, քայլարշավները, հեքիաթասացությունը և նախկին բոլոր դեղամիջոցների բացառումը:

Գուցե այլ երկրներում փորձեն կիրառել այս նախնական բուժման ձևերը, սակայն այն ոգին ու խռովքը, որը տարածվում է դեղամիջոցի նախնական թերապիայի ժամանակ՝ կարող են միայն հայու գեն կրողները:

Շատերը զարմանում են, որ Իրանում, Վրաստանում, Չինաստանում, Իտալիայում և այլուր երկրները սահմանափակում են մարդկանց տեղաշարժը, մեկուսացնում կասկածելի դեպքերը, անհանգստանում քաղաքացիների առողջության համար, հետաձգում են հանրային միջոցառումները, բարձրաձայնում են կորոնավիրուսի դեպքերի մասին, իսկ Հայատսանում քարոզարշավ են անում և հանրաքվե կազմակերպում:

Շատերին պարզապես հասու չէ, որ Հայաստանում ոչ թե թաքցնում են կորոնավիրուսի դեպքերը, քանի որ քարոզարշավ և հանրաքվե պետք է անել, այլ հանրաքվե ու քարոզարշավ են անում, որպեսզի կորոնավիրուսը բուժեն:

Ինչպես միշտ հանրությունն իշխանություններին սխալ է հասկանում, շատերն էլ սխալ են մեկնաբանում, սակայն մեր իշխանությունը միմիայն մտածում է ժողովրդի առողջության մասին, միայն երազում է մարդկանց երջանիկ և բարեկեցիկ տեսնել:

Իշխանությունը գիշերները չի քնել՝ կորոնավիրուսից բուժման դեղամիջոց է գտել, իսկ մահկանացուներն իշխանությանը քննադատում են՝ ասելով՝ թաքցնում եք կորոնավիրուսի դեպքերը, չեք մտածում հանրային առողջապահության մասին:

Այնինչ իշխանությունը դիմացել է կորոնավիրուսաքննադատներին և այս պահին էլ բուժման համընդհանուր թերապիա է անցկացնում Սյունիքում. ասում են՝ բուժումը մոտ է:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից