Իրավական Կորոնավիրուս Հասարակություն 

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

analitik.am

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր  գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:

Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝

- հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի օնլայն հեռարձակումը,

- հորդորում է դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,

- հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,

- առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով,

- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը,

- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը դատարաններում աշխատանքը կազմակերպելիս և քաղաքացիների հետ շփումներում խստորեն պահպանել Առողջապահության նախարարության սահմանած հիգիենայի և կորոնավիրուսի կանխարգելման կանոնները,

- հանձնարարում է Դատական դեպարտամենտին ՀՀ բոլոր դատարանները ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և իրականացնել դրանց կիրառման նկատմամբ վերահսկողություն:

Բարձրագույն դատական խորհուրդ

Նույն շարքից