Իրավական Հասարակություն 

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր 13 անձինք ազատ են արձակվել. Արցախի ՄԻՊ

analitik.am

Քիչ առաջ դուրս եկա ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ: Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել», գրել է Արցախի օմբուդսմենը:

Արտակ Բեգլարյանը նշել է նաեւ, որ ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախարարի հետ, որը տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը:

Լրացում.

Առողջապահության նախարարը նոր զանգահարեց ու տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված անձը վերադարձել է և ենթարկվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Մանրամասները՝ վաղը», գրել է Ա.Բեգլարյանը:

Հիշեցնեմ, որ Արցախի ոստիկանությունից հայտնել էին, որ Ստեփանակերտում այսօր՝ մարտի 18-ին, ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:

Նույն շարքից