Իրավական Տեսանյութեր 

Ինչպես են բերման ենթարկում ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդուն /տեսանյութ/

analitik.am

Մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:

Պարեկայինները ռադիոկապով անմիջապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կապվեցին, զեկուցեցին կատարվածի մասին, հայտնեցին տղամարդու արտաքին տվյալները: Օպերատիվ խումբն անհապաղ Սարկավագի փողոց մեկնեց: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեցին մեկ պարկուճ, որն արտաքուստ գազային ատրճանակի պարկուճի էր նման և բջջային հեռախոս:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող անհետաձգելի միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Նոր Նորքի և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ:

Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները հայտնաբերեցին նրան և բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվեց և առգրավվեց:

Հետագա միջոցառուներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի այդ` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք:

Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուննա, որը, ըստ ձեռք բերված տվյաների, 27-ամյա տղամադունն է:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանների ուղղությամբ ատրճանակից կրակած հետախուզվողը կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից