Իրավական Հասարակություն 

Փաստաբանների պալատը Պարետին խնդրել է վերացնել իրենց նկատմամբ սահմանափակումը

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է Պարետին՝ խնդրելով վերացնել իրենց նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Այս մասին տեղեկանում ենք Պալատի պաշտոնական կայքից:

«Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը:

Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության և իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված չէ նաև Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը:

Փաստաբանների պալատի նախագահը՝ դիմելով պարետին, մտահոգություն է հայտնել փաստաբանների և փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ:

Մեջբերելով Սահմանադրության 64-րդ և 76-րդ հոդվածների դրույթները Փաստաբանների պալատը պարետի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ՝

- անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ.

- փաստաբանի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն ՕՐԵՆՔՈՎ և ոչ թե կառավարության կամ պարետի որոշումներով:

Ակնհայտ է, որ նույնիսկ արտակարգ դրության օրերին անձինք կարիք են ունենալու իրավաբանական օգնություն ստանալու, քանի որ՝

- Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են քրեական հետապնդման ենթարկվել քաղաքացիները, այդ թվում՝ կատարվելու են քննչական անհետաձգելի գործողություններ,

- ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների խախտումների հարցերով ընթանալու են անհետաձգելի դատավարություններ (օրինակ՝ մեղադրյալի կալանավորման հարցով դատական նիստ),

- հնարավոր են մարդկանց իրավունքների և ազատությունների խախտումներ (ապօրինի ազատությունից զրկում, ապօրինի տուգանքներ և այլն):

Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է վերացնել փաստաբանների և Փաստաբանների պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Հ.Գ. Գրությունը որևէ կերպ չի արժեզրկում Փաստաբանների պալատի դիրքորոշումը և հավանությունը՝ Կառավարության՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության իրականացման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից