Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Համագործակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում. ՀՀ նախագահն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

analitik.am

 

«Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական էջից։

Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:

- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»:

Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Նույն շարքից