Առողջապահություն 

Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

analitik.am

 

«Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Թերևս ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին:

Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրն այստեղ` http://www.moh.am/images/legal-533.pdf»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից