Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կան շատ տնտեսվարողներ, ովքեր մինչև հիմա դեռ չեն հասկացել ցուցումների լրջությունը․ ՍԱՏՄ ղեկավար

analitik.am

 

Այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտարարեց, որ մինչև արտակարգ իրավիճակ հայտարարարելը Սննդի անվտանգության տեսչական մարմինը ցուցումներ է նախաձեռնել, հրապարակել և բաժանել տնտեսվարողներին, որոնց հիման վրա պետք է ավելի շատ ախտահանող պրոցեսներ իրականացնել. «Մինչև հիմա իրականացնում ենք շրջայցեր, մշտադիտարկումներ՝ պարետի ցուցումները և դրանք իրականացնելու մասով, որպեսզի տեսնենք, թե ինչ են անում տնտեսվարողները:

Հիմնական մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք և ստանում ենք լուսանկարներ, տեսանկարահանումներ այն մասին, թե ինչպես են իրականացվում այդ բոլոր միջոցառումներն ու ախտահանումները, որպեսզի սանիտարահիգիենիկ ճիշտ պայմաններ ապահովենք»:

Այն հարցին՝ արդյո՞ք այս օրերին տեսչությունը հետևողական է խանութներ առաքվող հացը համապատասխան տոպրակներով լինելուն, Ավետիսյանն ասաց, որ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. «Չկա իրավական որևէ կարգավորում, որ հացը պարտադիր պետք է լինի փաթեթավորված: Մեր հորդորով և նախաձեռնությամբ շատ տնտեսվարողներ սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել: Շատ խանութներ արդեն առանձնացրել են և ինչ-որ ձևով դարակաշարեր են ստեղծել՝ պոլիէթիլենային փաթեթավորումներով: Ոչ բոլոր տեղերում է նման ձև, բայց ակնհայտ է, որ կան»:

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով ստանում են լուսանկարներ, որոնց մեջ ակնհայտ է նման փաթեթավորումը. «Պարզապես դեռ չգիտենք շփումից երկար կմնա այդ հարուցիչը փաթեթավորման վրա, թե՝ ոչ։ Դրա համար այդ մասով դեռ ոչինչ չենք կարող ասել: Ամեն դեպքում սանիտարահիգիենիկ պայմանները ճիշտ պահելու դեպքում կարող ենք զերծ մնալ դրանից»:

Լրագրողի հարցին, նրանք ովքեր հաճախորդին հաց են տալիս արդյո՞ք կրում են դիմակ և ձեռնոց, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ պարտադիր պետք է կրեն․ «Կան շատ տնտեսվարողներ, ովքեր մինչև հիմա դեռ չեն հասկացել ցուցումների լրջությունը և դրանք չիրականացնելով կպատժվեն: Հուսով եմ կլսենք այն մասին, որ տնտեսվարողը պատժվել է իր աշխատակիցներին համապատասխան դիմակներով և ձեռնոցներով չապահովելու համար»:

 

 

Նույն շարքից