Հասարակություն 

Այս ոգևորությունը և ներգրավվածությունը չէի սպասում ու ակնկալում․ Արայիկ Հարությունյանը՝ հեռավար կրթության իրականացման մասին

analitik.am

Այս ոգևորությունը և ներգրավվածությունը չէի սպասում ու ակնկալում, որովհետև մտածում էի, որ սա նոր բան է, նոր գործիքներ պիտի կիրառվեն, որոնց մեր հարգարժան ուսուցիչներից շատերը ծանոթ չեն։ Բայց ձեր ներգրավվածությունն ու ոգևորությունը շատ գովելի է։  Այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ուսուցիչներին։

«Միանշանակ պետք է ասեմ, որ ուսուցիչները մեր բժիշկների, անվտանգության ծառայությունների հետ միասին այն խումբն են, որ արտակարգ դրության այս օրերին կարևոր դեր են կատարում․ իրականացնում են մեր աշակերտների կրթության իրավունքը և ապահովում կրթական գործի շարունակականությունը»,- ասաց նախարար Հարությունյանը։

Նախարարը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և ասաց, որ նրանց ներգրավվածությունը թույլ կտա հետագայում ունենալ կայացած հեռավար կրթության համակարգ, կատարելագործել և նոր գործիքներ կիրառել կրթության բնագավառում։

Հարությունյանը ուսուցիչներին վստահեցրեց, որ այս ջանքերը իզուր չեն անցնելու, հենց ուսուցիչներն են հետագա կրթական ծրագրերը զարգացնողները։

Կրթության նախարարը նաև խնդրեց ուսուցիչներին շատ չծանրաբեռնել աշակերտներին, որպեսզի նրանք նույն ոգևորությամբ շարունակեն հեռավար կրթությանը մասնակցել։

Իսկ լրացուցիչ դասաժամեր անելու վերաբերյալ Արայիկ Հարությունյանը ասաց, որ լիարժեք վստահելու են ուսուցիչներին և եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ դասեր անել՝ շաբաթ օրերը լրացնելով կամ այլ կերպ՝ միասին են քննարկելու։

Նախարարը նաև խնդրեց ուսուցիչներին լրացնել նոր գործարկված էլեկտրոնային մատյանը՝ ասելով, որ 36 հազար գրանցված ուսուցիչներից մեկ օրվա ընթացքում լրացրել են 3 հազարը, ինչը, նախարարի գնահատմամբ գովելի արդյունք է։

«Մենք լիարժեք վստահում ենք ձեզ։ Դուք շատ կարևոր գործ եք անում մեր երեխաների, մեր պետության ապագայի համար»,- ասաց նախարարը։

 

Նույն շարքից