Հասարակություն 

Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական և ՏԻ մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը

analitik.am

 

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունած որոշմամբ, հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ սահմանվել են մի շարք սահմանափակումներ:

✅Մասնավորապես՝ Հանրապետության հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:

✅Բացի այդ, կառավարության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։

✅Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում. կառավարության որոշման համաձայն, քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

Կառավարության սույն որոշման գործողության ժամկետ է սահմանվել մինչև մարտի 31-ը ներառյալ։

 

Նույն շարքից