Կորոնավիրուս Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի մասին զրուցել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի հայազգի անդամի հետ

analitik.am

 

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և այդ շարքում մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Հեռախոսազրույցի ընթացքում ակադեմիկոս Կամալովի հետ քննարկվել են բժշկական ինժեներիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը։

Անդրադառնալով նոր կորոնավիրուսի վերաբերյալ Լորդ Դարզիի հետ իրենց նախորդ քննարկմանը՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը կարևորել է նոր կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու գործում ջանքերի համատեղումը և համագործակցությունը, փորձի փոխանակման և փոխօգնության անհրաժեշտությունը։

Նախագահը նշել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հեռավար ուսուցման դասախոսության ընթացքում առաջարկել է ապագա բժիշկներին և ինժեներներին աշխատել նոր կորոնավիրուսի բուժման համար կիրառվող թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծելու և Հայաստանում արտադրելու ուղղությամբ:

Նախագահն առաջարկել է Լորդ Դարզիին դիտարկել Լոնդոնի կայսերեկան քոլեջի բժշկական ինժեներիայի ոլորտի մասնագետների կողմից իր այս նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և հայկական երկու բուհերի հետ համագործակցության հնարավորությունը։

Նշենք, որ նախագահ Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում վերջինս անդրադարձել էր ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին:

Այս համատեքստում նախագահը ողջունում է Լորդ Դարզիի, Նուբար Աֆեյանի, McKinsey&Company ընկերության Ճապոնիայի մասնաճյուղի կառավարիչ գործընկեր, ընկերության խորհրդի անդամ Անդրե Անդոնյանի, IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի գիտւթյան և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և խորհրդի անդամ, գործարար, ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ FAST հիմնադրամի կողմից կազմակերպվող և այսօր կայանալիք տեսակոնֆերանսը՝ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և գործնական աջակցության քայլերը քննարկելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Նույն շարքից