Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի չէ, թե ինչու է Դանիել Իոաննիսյանը կորոնավիրուսի թեստ հանձնել

analitik.am

Երեկ՝ մարտի 27-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, ինքն առողջ է, ուստի վերադառնում է Արցախ:

Հիշեցնենք, որ Իոաննիսյանի կազմակերպությունն Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու: Այս կազմակերպությունը նույնիսկ կարողացավ Հայաստանի կառավարության որոշմամբ 16 մլն 200 հազար ՀՀ դրամ ստանալ ՀՀ բյուջեից դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է ստացվում, որ Իոաննիսյանը թեստավորվել է, իսկ լրագրողները՝ ոչ, ասաց, որ Արցախի սահմանը հատելու համար դիտորդները պարտավոր չեն կորոնավիրուսի թեստ հանձնել, դա լինում է միայն այն դեպքում, եթե տվյալ անձնավորության մոտ ախտանիշեր կան.«Եթե նման ախտանշաններ չկան, թեստ չեն հանձնում, առանց դրա հատում են սահմանը»:

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք նույնը վերաբերում է լրագրողներին, ովքեր մեկնում են ընտրությունները լուսաբանելու, Գևորգյանը դրական պատասխան տվեց:

Նշենք, որ Իոաննիսյանն իր գրառման մեջ որևէ հիշատակում չի արել այն մասին, որ ինքն ախտանշաններ է ունեցել, հետևաբար հայտնի չէ, թե ինչու է նա թեստ հանձնել: Հաշվի առնելով այն, որ թեստերի քանակը սահմանափակ է և շատ դեպքերում բացահայտ ախտանշաններ ունեցող մարդկանց թեստավորում անելը խնդրահարույց է, տարօրինակ է , թե ինչու է Դանիել Իոաննիսյանին նման թանկարժեք նվեր արվել:

 

Նույն շարքից