Հասարակություն Տեսանյութեր 

Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկում է գրանցվել․ Պարզաբանում է Սևաբերդ գյուղի վարչական ղեկավարը

analitik.am

 

Օրերս Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկում է գրանցվել: Այս մասին տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատեր Տիգրան Առաքելյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է խնդրին և տեղեկացրել, որ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ միասին այցելել են ջրամբարի տարածք: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն: Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն:

Analitik.am-ի հետ զրույցում Սևաբերդ գյուղի վարչական ղեկավար Հակոբ Բաբայանն ասաց, որ արդեն բավական ժամանակ է ջրամբարում այդ վիճակն է։ Ջրից նմուշառում են վերցրել և ուղարկել լաբորատորիա փորձաքննության, որպեսզի պարզեն ջուրը թունավորված է, թե՝ ոչ:

«Ջրամբարում ջուր չկա և դրա պատճառով են ձկները սատկել: Ջրի մակարդակն իջել է, թթվածնային քաղցից ձկները սատկել են»,-ասաց նա և հավելեց, որ Սևաբերդի ջրամբարի «անունը կա, ամանում չկա». Ջրամբարը ստեղծման օրվանից ջուր չի պահել:

Սևաբերդ գյուղի վարչական ղեկավարը նաև հաղորդեց, որ 2002 թվականին ջրամբարը վերանորոգվել է, սակայն ոչինչ չի փոխվել, ջուրը հոսում-գնում է, ջրամբարը ծակ է: Պարբերաբար ջրի մակարդակն իջնում է և ժամանակ առ ժամանակ նման երևույթներ են լինում:

Հարցին, թե ինչ է լինելու անկած ձկների հետ, քանի որ նման մի քանի դեպքում հաստատ գարշահոտություն է տարածվելու, ասաց, որ տարածքի թռչուններն ուտում են ձկներին, որոնք ընդհանուր քաշով 150 կգ-ի չափ հազիվ լինեն:

Բաբայանը հիշեցրեց նաև, որ ջրամբարի հայելին 40 հա և 6 մլն տարողություն ունի, սակայն երբեք այդքան չի լցվել։ Ավելին, ձկները հավաքած էին շատ փոքր ջրային տարածքի վրա: Այդ ջրային տարածքը բավարար չէր կարաս ձկնա տեսակի ձկների համար:

Նա նաև փոխանցեց, որ նախորդ տարիներին տարածքային կառավարման նախարարը եղել է ջրամբարի տարածքում, մտադրություն կա ջրամբարն ամրացնելու և գործարկելու:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից