Հասարակություն 

Հայաստանը ԵԱՏՄ-ում ձայն չունի՞, որ ասի մեզ մոտ հիմնականում գազով են քշում․ Հիմա էլ կատալիզատոր չունենալու համար կտուգանեն

analitik.am

 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից e-draft հարթակում տեղադրված է «Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор)» վերաբերող նախագիծը, որը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի մեկից։ Նախագծով առաջարկվում է տուգանք 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:

Օգտատերերից մեկը գրել է՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում ձայն չունի՞, որ ասի մեր մոտ հիմնականում գազով են քշում: Էկոլոգիայի մասին մտածում եք բենզինի ու դիզվառելիքի որակը բարելավեք: ԵԱՏՄ-ին էլ հայտնեք, որ կատալիզատորները շատ դեպքերում Վրաստանում են գողանում, ուժ ունեք, էդ հարցը կարգավորեք»:

Օգտատերը նշում է, որ Հայաստանի մեքենաների զգալի մասը, մոտ 80 տոկոսն աշխատում են գազով և առաջարկում բենզինի որակը բարելավվել, ոչ թե տուգանքներով վախեցնել մեքենա վարողներին: Առաջարկում են նաև օրինական ավտոմեքենաների տեխսպասարկման վայրեր ունենալ։

Մի օգտատեր նշել է, որ նախ պետք է չեզոքացուցիչ արտադրել, հետո տուգանել, և հավելել, որ չեզոքացուցիչները հավերժ չեն և պետք է փոխվեն. ներկրված մեքենաների 70 տոկոսի չեզոքացուցիչները փոխարինման ենթակա են:

Analitik.am-ի հետ զրույցում մեքենա վերանորոգող Հրայրը պատմեց, որ կատալիզատորները թանկ արժեն և ներկրելուց հետո ոմանք հանում վաճառում են: Նա մատնանշեց, որ Էրեբունիում տեղ կա, որտեղ այդ գործով են զբաղվում։

«Ճղում մեջից հանում են էդ ծակոտկեն մասը։ Տարբեր մեքենաների համար գները տարբեր են: Մի 30 տարվա ավտոների կատալիզատորին կարող են 20 հազար տալ, բայց արտասահմանյան մեքենաների կատալիզատորներին`մինչև 500 դոլար, նաև ավելին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ են անում օգտագործված կատալիզատորները, նա ասաց, որ տեղյակ չէ, լսել է, որ արտահանում են Ռուսաստան, բայց չգիտի ստույգ է, թե՝ ոչ:

Նա ասաց նաև, որ ստուգում են CՕ2 և դրա համար բավական է չափեն արտանետումները:

«Բոլոր մեքենաներն էլ ունեն կատալիզատորներ, բայց մեկը փող չունի՝ հանում ծախում է, մնում է դատարկ երկաթի կտորը։ Այսպես ասած օպերացիա են անում, էդ ծակոտկեն մասը հանում են: Ասում են ոսկուց ա, ես չեմ հավատում, բայց էդ ֆիլտրող մասն ինչ-որ նյութից է, երևի դրա համար են հանում-ծախում»,-ասաց Հրայրը և հավելեց, որ վաճառքի կետերում կատալիզատորներ չկան, որ գնան գնեն և չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո խանութներում կատալիզատորներ հայտնվեն:

Նշենք, որ կան երկրներ, որոնք չեն թույլատրում առանց կատալիզատորի մեքենայի ներկրումը, սակայն Հայաստանը նման պահանջ մեքենա ներկրողների վրա չի դրել:

Նշենք, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ընդունվել է 2011 թվականին:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից