Կորոնավիրուս Հասարակություն 

Կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազել են. ԿԲ

analitik.am

Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Օրերս 168.am-ին մի քանի օր առաջ հայտնել էր, որ կուտակված կենսաթոշակային գումարներն էապես պակասել են, իր դեպքում` 7-8 տոկոսի չափով:

«Հունվարի սկզբին մոտ 770.000 էր, հիմա, որ պիտի ավելացած լիներ, դարձել է 710.000 դրամ»,- տեղեկացրել էր  նա:

Կայքի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս առնչությամբ պարզաբանել էր, թե «մեր կուտակային գումարները ներդրված են արժեթղթերի մեջ` 30%-ը՝ Հայաստանից դուրս: Հիմա արժեթղթերը կտրուկ արժեզրկվել են, և դա կարող է իր ազդեցությունն ունենալ կենսաթոշակային կուտակային  գումարների նվազման հարցում»:

ՀՀ Կենտրոնական բանկից վստահեցրել են, որ կենսաթոշակային հաշիվների մնացորդների նվազումն առաջին հերթին կրում է ժամանակավոր բնույթ:

«2. ֆոնդերում կուտակվող միջոցները ներդրվում են նաև օտարերկրյա բաժնետոմսերում, որոնց գները տատանողական են,

3. բաժնետոմսերի գների նվազմամբ պայմանավորված ֆոնդերի փայերի գները նվազում են,

4. արդյունքում ժամանակավորապես նվազում են նաև կենսաթոշակային հաշիվների մնացորդները,

5. այս ամբողջի պատճառը աշխարհում տարածվող կորոնավիրուսն է։

Քանի որ համակարգի մասնակիցները գտնվում են կուտակման փուլում, ուստի փայերի գների նվազումը նաև հնարավորություն է ձեռք բերելու ֆոնդերի փայեր ցածր գներով։ Բացի դրանից, ֆոնդերի կառավարիչների կողմից ցածր գներով ձեռք բերված բաժնետոմսերը մասնակիցներին կապահովեն էլ ավելի բարձր եկամուտ ֆինանսական շուկաների կայունացմանը զուգահեռ, քանի որ դրանց գները արագորեն կաճեն։ Ընդ որում, կառավարությունների հակաճգնաժամային միջոցառումներին միջազգային շուկաները դրական են արձագանքել՝ վերջին 5 օրում աճելով միջինում 15-17 տոկոս։

Գների նմանատիպ անկումներ եղել են նաև 2014 և 2018 թվականներին, որոնք կարճ ժամանակահատվածում վերականգնվել են։

Կենսաթոշակային ֆոնդերը համարվում են երկարաժամկետ խնայողությունների գործիքներ, հետևաբար՝ դրանց կատարողականը գնահատելու համար պետք է նայել ոչ թե օրական կամ ամսական, այլ երկարաժամկետ կտրվածքով։ 26/03/2020 դրությամբ կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից ապահովել են 65-83 տոկոս կուտակային եկամտաբերություն՝ վերջին շրջանի գների անկումը հաշվի առած, որը կազմում է տարեկան 8.5-10.5 տոկոս։ Իսկ եթե հանենք նույն ժամանակահատվածի գնաճը, որը կազմել է ընդամենը 10 տոկոս, ապա իրական եկամտաբերությունը կկազմի տարեկան 7-9 տոկոս։

Հատկանշական է, որ կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքները տարեսկզբի համեմատ միջինում նվազել են ընդամենը 1.7 տոկոսով (ընդ որում, կայուն եկամտային ֆոնդերի դեպքում փայերի արժեքները աճել են), մինչդեռ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերի գների անկումը կազմել է մինչև 21-22 տոկոս։ Սա փաստում է նաև, որ ֆոնդերը պրոֆեսիոնալ կերպով կառավարվում են՝ միջազգային շուկաներում գների տատանումների բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ֆոնդերի փայերի արժեքի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են ֆոնդերի կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում»,-   պարզաբանել են Կենտրոնական բանկից։

Աղբյուրը՝ news.am

Նույն շարքից