Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք հիմա ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը խոսեց Ազգային ժողովում հայտնի նախագծի տապալման մասին՝ հայտարարելով, որ միջոց է փնտրվում այն կրկին ԱԺ-ին ներկայացնելու համար. «Մենք հիմա անում ենք հետևյալը: Եթե քաղաքացու մոտ դրական պատասխան է լինում, մենք փորձում ենք հասկանալ, թե նա ում հետ է շփվել կամ ումից է վարակվել: Մենք հիմա ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել: Նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ ուզում ենք ներդնել մեխանիզմ, որ համակարգիչն ինքն արագ ցույց տա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել, ովքեր են պոտենցիալ վարակակիրները, ովքեր կարող է չիմանան վարակվելու մասին»:

Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը թույլ կտա նման մարդկանց իրազեկել, հետո նաև հասկանալ պոտենցիալ վարակակիրների շրջանակը. «Հասկանալի է, որ մենք հաճույքով չենք այդ սահմանափակումն անում: Դա մենք անում ենք մեծագույն տհաճությամբ, սակայն հասկանում ենք, որ առանց այդ միջոցների իրավիճակի հետագա զարգացումը կլինի շատ ավելի անկանխատեսելի»:

Փաշինյանը խոսեց նաև սահմանափակումների մասին՝ հայտարարելով, որ որքան դրանք երկարում են այդքան խնդիրներն ավելի են խորանում, խոսքը վեարաբերում է նաև տնտեսական պրոբլեմներին, որոնք պետք է միասին լուծել. «Ես հույս ունեմ, որ բոլորս ենք արձանագրում՝ այդ սահմանափակումներն առաջին հերթին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար են: Կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ այս ամենին, որ պետք է ապրենք որոշակի սահմանափակումների ռեժիմով՝ դա անելով բոլորիս անվտանգության համար»:

Վարչապետը նշեց, որ պետք է մտածել հատկապես տարիքով, ավագ սերնդի մարդկանց մասին, ովքեր ամենախոցելին են. «Մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ իդեալական է, բայց դուք չեք կարող գտնել աշխարհում մի երկիր, որտեղ ամեն ինչ իդելաական է:

Այսօր օրինակ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա: Չկա մի այնպիսի երկիր, որտեղ իրավիճակն էականորեն տարբերվում է: Առնվազն խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք կորոնավիրուսի համաճարակի առաջ են: Այդ վիճակում աշխարհի բազմաթիվ երկրներ են»:

«Այս գործողությունները չեն արվում ինչ-որ մեկի քմահաճոյքի, քաղաքական նեղ նպատակների համար: Մենք որևէ սահմանափակում չենք մտցրել մինչև դանակը ոսկորին չի հասել»,-ասաց Փաշինյանը:

 

Նույն շարքից