Հասարակություն 

Հայաստանում միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. Պարետ

analitik.am

Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ որոշումը ճշգրտելու և բացերը լրացնելու օր: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են: Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից: Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք:

Տեղեկացնեմ նաև, որ երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրությամբ պայմանավորված մի օրենքի նախագիծ, որը մեզ հնարավորություն է տալու հնարավորինս արագ ֆիլտրել անձանց շրջանակը, որոնք մեծ հավանականությամբ ունեցել են շփումներ վարակակրի հետ:

Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի»:

Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:

Նույն շարքից