Կորոնավիրուս Հասարակություն 

«Սա հարված է տեղեկատվության հասանելիությանը». ինչպես են երկրները պայքարում կորոնավիրուսի դեմ, բայց հաղթում ընդդիմությանը. BBC

analitik.am

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ուշադրություն են հրավիրում այն հարցի վրա, որ մի շարք երկրների կառավարություններ, փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարը որպես պատրվակ օգտագործելով, մեծացնել ճնշումը ընդդիմության, ԶԼՄ-ների վրա կամ իրենց օժտել չափազանց մեծ լիազորություններով: Այս մասին գրելով՝ BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացնում է մի քանի երկրների օրինակները, այդ թվում՝ Հայաստանի:

Ադրբեջան

Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ազգային դավաճանները» կարող են կորոնավիրուսի համավարակն օգտագործել սադրանքներ հրահրելու համար: Նա մեղադրել է ընդդիմությանը «խուճապ և անկարգություն հրահրելու» փորձի մեջ: Երկու օր անց «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Անար Մելիքովին դատապատել են 10-օրյա վարչական կալանքի՝ կարանտինի կանոնները խախտելու մեղադրանքով:

Մարտի 25-ին 10-օրյա կալանքի է դատապարտվել «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության անդամ Արասթուն Բախշալիևը: Ձերբակալվել է նաև ընդդիմադիր գործիչ Թոֆիք Յագուբլուն: Ընդդիմադիր գործչի հերթական ձերբակալության առնչությամբ մտահոգություն է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:

Բելառուս

Օրերս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Պետական անվտանգության կոմիտեին՝ պարզել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ «խուճապ հրահրող» տեղեկատվության աղբյուրները:

Հայաստան

Պարբերականը նշում է, որ մարտի 16-ին Հայաստանի իշխանություններն արտակարգ ռեժիմ են սահմանել, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ ԶԼՄ-ների համար: «Ցանկացած լուր, գրառում սոցցանցում կամ ռեպորտաժ կորոնավիրուսի մասին կարող է հաղորդել միայն իշխանությունների ներկայացրած տվյալները: Եթե ԶԼՄ-ները որևէ տեղեկություն հրապարակեն համաճարկի մասին առանց պաշտոնական աղբյուրին հղում անելու, ստիպված կլինեն պաշտոնական հայտարարություն հրապարակել այդ հարցով կամ հերքում տալ երկու ժամվա ընթացքում»,- նշում է պարբերականը:

Հոդվածագիրը որպես օրինակ նշում է, որ ոստիկանությունն այցելել է «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի տուն և պահանջել ջնջել ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս տեղեկացրել էր մեծ գործարանի մասին, որի ղեկավարները պահանջում էին, որ աշխատակիցները ներկայանան աշխատանքի՝ անկախ հիվանդության ախտանշաններ ունենալու:

Ղրղզստան

Մայրաքաղաքում և ևս մի քանի քաղաքներում, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել, արտակարգ դրություն է գործում, ինչը նշանակում է հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցում, պարետային ժամի սահմանում, տեղաշարժի սահմանափակում: «Սա հարված է տեղեկատվության հասանելիությանն առանց այդ էլ արտակարգ դրության բարդ իրավիճակում»,- ասել է տեղի իրավապաշտպաններից մեկը:

Թուրքիա

Երկրի 18 նահանգներում կարանտին է սահմանվել: Ավելի քան 300 մարդ է Թուրքիայում ձերբակալվել սոցցանցում կորոնավիրուսի վերաբերյալ գրառումներ անելու համար: Ոստիկանությունը ճնշում է գործադրում ոչ միայն լրագրողների վրա: Օրեր առաջ ձերբակալվել է նաև բեռնատարի վարորդը, որն իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ քննադատելով իշխանությունների՝ համաճարակի զսպմանն ուղղված գործողությունները:

Հունգարիա

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, վկայակոչելով համապարակով պայմանավորված հատուկ իրադրությունը, երկուշաբթի օրենք է ընդունել, որն իր կառավարությանն արտակարգ լիազորություններով է օժտում անորոշ ժամանակով: Օրբանի կուսակցության ձայների շնորհիվ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվում է անորոշ ժամանակով, որի ընթացքում կառավարությունը ղեկավարելու է առանց խորհրդարանի մասնակցության՝ միայն տեղյակ պահելով խորհրդարանի խոսնակին ընդունված միջոցառումների մասին:

Չինաստան

Իշխանությունները փորձում են վերահսկել տեղեկատվության ողջ հոսքը երկրի ներսում: Citizen Lab իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Չինաստանում գրաքննության են ենթարկվում անգամ սոցցանցային գրառումները:

Աղբյուր՝ tert.am

Նույն շարքից