Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

analitik.am

Հարգելի՛ հայրենակիցներ

Իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ՝ մարտի 31-ին քաղաքացիական բարձր գիտակցություն ցուցաբերելու և ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք մեր ամուր կամքի և վճռականության շնորհիվ մեկ անգամ ևս ապացուցեցինք ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ Արցախի ինքնիշխան Հանրապետությունը միջազգային հարթակներում պետք է ստանձնի իր ուրույն տեղն ու դերը:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ձեր վստահության քվեի շնորհիվ «Ազատ հայրենք -ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը Խորհրդարանում կունենա ամենամեծ խմբակցությունը՝ 16 պատգամավորական մանդատով: Կրկին հայտնելով երախտագիտությունս՝ հավաստիացնում եմ, որ, շնորհիվ ձեր մեծ աջակցության, մեր քաղաքական թիմը պատրաստ է կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք ձեր դատին ենք ներկայացրել նախընտրական շրջանում:

Ես ողջունում եմ նաև խորհրդարանական մեր ապագա բոլոր գործընկերներին, որոնց հետ շուտով պետք է ակտիվ և արդյունավետ աշխատանքներ ծավալենք: Բազմակուսակցական խորհրդարանի գործունեությունը մեր իրականության մեջ, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու օրենսդրական աշխատանքին:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին՝ հարկ եմ համարում նշել, որ դրանք մեկ անգամ ևս փաստեցին այն, որ Արցախում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Բոլորս համոզվեցինք, որ յուրաքանչյուրիս քվեն ոչ միայն կարևոր է, այլև որոշիչ:

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. մեր երկրում կայացան ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս ձեռքբերումն է: Սահմանադրական ճանապարհով իշխանություն ձևավորելու հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է, և մենք միասնաբար ու ավելի ամուր ճակատով, կդիմագրավենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր միասնական հայրենքի ու ժողովրդի առաջ:

Եվս մեկ հարց, որին հարկ եմ համարում անդրադառնալ, վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգին: Համաշխարհային այս համաճարակը ողջ մարդկությանը նետված մարահրավեր է: Խնդրում եմ ձեզ խստորեն պահպանել առողջապահության նախարարության ցուցումները: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ պատրաստ ենք հետևելու իշխանության ցանկացած որոշման:

Կեցցե՛ Արցախի հերոսական Հանրապետությունը:

Կեցցե՛ Մայր Հայրենիքը:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, որի կենսական և հզոր ներուժն առավելագույնս կծառայեցվի ի շահ և ի բարօրություն հայոց աշխարհի:

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյան

Նույն շարքից