Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կոտայքի մարզում մահացած կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մարտի 27-ին թոքերի խնդրով մահացած Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակչուհու որդու ու ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հիշեցնենք, որ ըստ Ալափարսի գյուղապետ Արտակ Սարիբեկյանի՝ կնոջ մահվան հենց նույն օրը նրա որդին ու ամուսինը մեկուսացվել էին:

«Որդին ու ամուսինը կորոնավիրուսով վարակված են, այժմ գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ այդ կնոջ մոտ պաշտոնապես հայտարարեցին, որ կորոնավիրուս չէր հայտնաբերվել, մահացել է ինֆարկտից»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը՝ շեշտելով, որ նա տարիներ շարունակ թոքերի խնդիր է ունեցել: Գյուղապետի խոսքով, իրենց համայնքում բացի մահացած կնոջ ամուսնուց ու որդուց, կորոնավիրուսով վարակված եւս մեկ բնակիչ կա, նա արդեն ապաքինման փուլում է, գտնվում է Ծաղկաձորի մեկուսարանում:
«Ամբողջ գյուղը ինքնամեկուսացված է, շարժ ընդհանրապես չկա, ես շրջում եմ գյուղում, յուղի մեջ մարդիկ չկան, մեկը մյուսին այցելություններ չկան, պատահական խանութում մեկ-երկու հոգի կարող ես տեսնել, այն էլ տան կարիքների համար են գնացել»:
Հիշեցնենք, որ Պարետատնից պաշտոնապես հերքել էին, որ Ալափարսի բնակչուհին կորոնավիրուսից է մահացել: ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որն այդ կնոջ դեպքով քրեական գործ կա հարուցված, իրավապահները կպատասխանեն մահվան հանգամանքների մասով: Նա չմանրամասնեց՝ ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել, իսկ մեր հարցին՝ արդյոք մահացած կնոջ մոտ իսկապես կորոնավիրուս չէր արձանագրվել, Լիլիթ Բաբախանյանը հարցադրում առաջ քաշեց. «Բայց իրեն հետազոտե՞լ են, դրա համար ասում եմ՝ անհատական դեպքերով չենք մեկնաբանում»: Մենք քննչական կոմիտեից ու Ոստիկանությունից տեղեկացանք, որ կնոջ մահվանն առնչվող դեպքի վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված:
Աղբյուրը՝ aravot.am

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից