Հասարակություն Տեսանյութեր 

Որսագողությո՞ւն, թե բնական մահ. Ուրցաձոր համայնքից ոչ հեռու լուսան է անկել

analitik.am

 

Երիտասարդ լուսանի անշնչացած մարմինն օգտատերերից մեկը նկարահանել և ուղարկել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցին, որը հրապարակել է այն: Աղբյուրը նշում է, որ լուսանի դին գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղակայված FPWC կազմակերպության տարածքից ոչ հեռու, Վեդի գետի մոտ։ Տեսանյութում հստակ ներկայացված է աշխարհագրական դիրքը։

 

Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն Analitik.am-ին ասաց, որ լուսանի դին հայտնաբերվել է արգելոցից բավականին հեռու, Ուրցաձոր գյուղի համայնքային հողերում: Նա նաև նշեց, որ արգելոցի աշխատակիցները նկատել են անկած կենդանուն Վեդի գետի ափին և ահազանգել են Բնապահպանության և ընդերքի տեսչություն, նաև ոստիկանությունն է տեղյակ կատարվածից:

«Գնացել նայել են, արձանագրել են տեղի ունեցածը և մարմինն ուղարկվել է փորձաքննության»,-ասաց Հովակիմյանը և հավելեց, որ Խոսրովի արգելոցի տարածքում միշտ էլ հանդիպում է լուսան, ֆոտոթակարդները հաճախ են ֆիքսում այս կենդանատեսակը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ կենդանին պարզապես իր բնական մահով անկած լինի, ասաց, որ առաջին հայացքից դժվար է ասել, քանի որ մարմինը բավականին քայքայված է: Նրա խոսքերով, փորձաքննությունը կարող է պատասխանել այդ հարցին և չի բացառվում, որ կենդանու մահը բնական է եղել, թեև որևէ համոզվածություն չկա:

«Այդ տարածքը այն տարածքը չէ, որտեղ կարող են որսագողեր լինել, բայց ոչ մի բան չեմ բացառում: Այդ վայրն անմիջապես ճանապարհի վրա է՝ ո՞վ կգա որս անելու»,- ասաց Խոսրովի արգելոցի տնօրենը:

Նշենք, որ լուսանը հանդիպում է Արարատում, Տավուշում, Լոռիում, Կոտայքում, Սյունիքում և Գեղաքունիքում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից