Կորոնավիրուս Հասարակություն 

Դատախազությունը սկսել է մտածել տարբեր գործերով անցնողների համար կալանավորումից բացի այլ խափանման միջոցներ ընտրելու մասին

analitik.am

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը և իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը:

Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:

Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը:

Միաժամանակ, ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները կփոխանցվեն նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

Արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների շրջանակներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների պարագայում քրեակատարողական հիմնարկների կողմից համապատասխան գործընթաց սկսելու դեպքում իր իրավասությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից կդիտարկվի իրադրության բացառիկությունից և դատապարտյալների լավագույն շահից, առողջական անվտանգությունից բխող դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները:

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյան

Նույն շարքից