Հասարակություն 

Հացի խնդիր չենք ունենալու. Արայիկ Հարությունյան

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին մեր հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղացող անձրևը օրվա բարձր տրամադրության գրավականն է: Անցած տարեվերջի աշնանային երաշտը իր որոշակի բացասական ազդեցությունն էր թողել աշնանացանի վրա, սակայն տարեսկզբից տեղումների քանակը ոչ միայն վերականգնել է հողի անհրաժեշտ խոնավությունը, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծել գարնանացան աշխատանքների համար: Ի դեպ, մեր ամենամեծ բնական հարստությունը ջրային ռեսուրսն է, որը ձևավորվում է անձրևների արդյունքում:

Իմ տեղեկությամբ, այս տարի պետական ծրագրով գարնանացան մշակաբույսերի ցանքսի աննախադեպ ծավալ է նախատեսվում: Այն կկազմի շուրջ 21 հազար հեկտար, ինչն ապահովելու դեպքում, չհաշված բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, նախորդ տարվա համեմատ՝ մոտ 4 հազար հեկտարով ավելին կլինի: Իսկ բարենպաստ եղանակային պայմաններն ու նախատեսված աշխատանքների ծավալը հույս են ներշնչում, որ պարենային անվտագության հարցում ոչ միայն ապահովելու ենք ներքին պահանջարկը, այլև մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր Հայրենքին: Այլ կերպ ասած՝ հացի խնդիր չենք ունենալու:

Աստված օրհնի մեր հողի մշակի աշխատանքը: Ժողովուրդը կասեր՝ մեկը հազար դառնա»:

Նույն շարքից