Հասարակություն 

Ինչ է իրականում տեղի ունեցել. պարզաբանում է Տաթևիկ Ռևազյանը

analitik.am

 

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Միջազգային ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին:

Հ1-ի եթերում Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով Դանիայում է, հերքեց տեղեկությունները և պարզաբանումներ տվեց:

Ռևազյանը նշեց, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց. «Դա որևէ կապ չունի իրականության հետ, ես դա հերքում եմ: Մեզ լիցենզիայից զրկելու իրավասություն որևէ մեկը չունի: Այստեղ խոսքն այն մասին, է որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար, դա վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ նրանցից ժամանակավորարապես վերցրել են դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվությունը:

Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդպես արագ որոշում կայացրել:

Դուք կարող է հիշեք, մի քանի ամիս առաջ մենք նշել ենք, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում՝ մայիսին: Մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անի, քանի որ մեր քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից:

Այս փոփոխությունների համար իրականում շատ երկար ժամանակ է պետք, քանի որ լրջագույն խնդիրները վաղուց կան, մեկ օրվա մեջ չեն լուծվի: Պետք է նոր մասնագետներ ներգրավվել, նոր մոտեցումներ բերել քաղավիացիա:

Մենք ընթացք ենք տվել դրան, լուրջ քայլեր արել ենք, օրինակ՝ Աֆրիկայի չվերթների մասով:

Մեզ մեղադրում էին, թե ինչպես ենք հսկողություն անում Հայաստանում գրանցված օդանավերի մասով, որոնք թռնում են Կոնգո, Սոմալի: Մենք այսօր Աֆրիկա գնացող չվերթ չունենք»:

Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտի ապագային, Ռևազյանն ասաց, որ բարդ է ասել. «Ես շաբաթական երկու զանգի եմ մասնակցում, որին մասնակցում են Եվրոպայի ու Եվրոպային մոտ գտնվող պետությունները: Բոլորն ասում են, որ ավիացիայի ոլորտում այս տիպի բան չի եղել:

Հստակ կարող եմ ասել, որ մինիմում մեկ տարի լուրջ խնդիրներ կլինեն: Եթե նույնիսկ պատկերացնենք լավագույն տարբերակը, որ չվերթները 1-2 ամիս հետո կլինեն, ժամանակ է պետք լինելու վերականգնման համար»:

 

Նույն շարքից