Կորոնավիրուս Հասարակություն 

Լավ օրերը կվերադառնան և մարդիկ նորից կհանդիպեն իրենց ընկերներին և հարազատներին․ Եղիսաբեթ Երկրորդը կոչով դիմել է մարդկանց

analitik.am

 

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ապրիլի 5-ին դիմել է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով՝ BBC News-ին:

Նա ընդգծել է ինքնակարգապահության կարևորությունը և շնորհակալություն հայտնել բրիտանացիներին, ովքեր հետևում են իշխանությունների առաջարկություններին և մնում տանը: Թագուհին նաև ասել է, որ մոլորակի բոլոր երկրները համախմբել են ուժերը համաճարակի դեմ պայքարում:

Եղիսաբեթ Երկրորդն իր երախտագիտությունն է հայտնել Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին, ովքեր շարունակում են աշխատել այս «դժվարին ժամանակահատվածում»․ «Ամբողջ երկրի բնականոն կյանքը խաթարվել է։ Ոմանց համար այն արդեն վերածվել է վշտի, առաջացել են բազմաթիվ ֆինանսական դժվարություններ, և բնականոն կյանքի կտրուկ փոփոխությունները տարածվել են բոլորիս վրա»,-ասել է նա:

Նա հույս է հայտնել, որ ապագայում բոլորը կարող են հպարտանալ նրանով, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները․ «Եվ նրանք, ովքեր կգան մեզանից հետո, կասեն, որ բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները»,-ասել է թագուհին: Նա նաև կոչ է արել մխիթարվել նրանով, որ լավ օրերը կվերադառնան և մարդիկ նորից կհանդիպեն իրենց ընկերների և հարազատների հետ:

 

 

Նույն շարքից