Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Քրդերը պայթեցրել են Իրան-Թուրքիա գազատարը

analitik.am

Անսպասելիորեն և հենց կորոնավիրուսի մասին անհանգստացնող խոսակցությունների օրերին (ինչպես Իրանում, այնպես էլ Թուրքիայում) «քրդական գործոնը» իսկապես դարձել է իրանա-թուրքական սահմանի լարվածության պատճառը: Ինչպես հայտնում են տարբեր ԶԼՄ-ներ՝ մարտի 31-ի վաղ առավոտյան Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 25-ամյա քուրդ պարտիզանուհի Սեմա Քոշերը կրակ է բացել Թուրքիայի Ագրի նահանգի Գուրբուլաղ սահմանային կետում իրանա-թուրքական գազատարի անվտանգությունն ապահովող թուրքական զինված ուժերի ուղղությամբ: Այնուհետև նա գրոհել է հինգ ռազմական մեքենաների վրա և պայթեցրել ինքն իրեն: ՔԲԿ-ի «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (HPG) մամուլի ծառայությունը հավելել է, որ պայթյունից ոչնչացել է ամբողջ տեխնիկան և սպանվել ավելի քան 30 զինվոր: Հաղորդման մեջ խողովակաշարի մասին ոչինչ չի ասվում, այնուամենայնիվ, պարտիզանուհի Քոշերը այն նույնպես պայթեցրել է։ Ըստ թուրքական «Զաման» թերթը թուրքական իշխանություններին հղում անելով, գրել է, որ կրակը բարձրացել էր 40 մետր բարձրության և տեսանելի էր մոտակա գյուղերից:

Իրանի ազգային գազային ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա: «Գազի արտահանումը վերականգնելու համար սովորաբար պահանջվում է երեք-չորս օր»,- իրանական IRNA գործակալությանը հայտնել է պետական ​​ընկերության տնօրեն Մեհդի Ջամշիդի-Դանան: Նման ահաբեկչությունը Իրան-Թուրքիա գազատարի վրա առաջինը չէ: Չնայած նախկինում ՔԲԿ կուսակցության քրդերը գազատարը պայթեցնում էին Թուրքիայի խորքում, ոչ թե սահմանին: Այդ խողովակաշարը երկու երկրների համար էլ կարևոր նշանակություն ունի: Ինչպես հայտնում է S&P Global Platts-ը՝ անցած տարի այն մատակարարել է 7,7 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Թուրքիայի սպառման 17%-ը: Հատկապես հետաքրքրություն է առաջացնում այն ​​փաստը, որ ոչ քրդական HPG ուժերի մամուլի ծառայությունը, ոչ թուրքական ԶԼՄ-ները, և ոչ էլ Իրանի գազային ընկերության ղեկավարությունը որևէ բան չեն հայտնում այն ​​մասին, թե որտեղից է պարտիզանուհի Սեմա Քոշերը հայտնվել Գուրբուլաղ անցակետում: Իրանից բացառվում է, նա կոչնչացվեր Իրանի ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերի կողմից, որի ստորաբաժանումները վաղուց չեն լքում Թուրքիայի սահմանը, քանի որ անընդհատ միջսահմանային սադրանքների կամ դիվերսիաների են սպասում «անհայտ խմբերի» կողմից, հենց թուրքական տարածքից: Մնում է երկու տարբերակ՝ կա՛մ պարտիզանուհի Քոշերը իրանա-թուրքական սահման է ժամանել Թուրքիայի խորքից, կամ էլ Իրաքի Քանդիլ լեռներից: Հենց Քանդիլ լեռներում են այժմ գտնվում ՔԲԿ կուսակցության հիմնական պարտիզանական հենակետերը և ճամբարները:

Դժվար է ասել, թե ինչու է ՔԲԿ կուսակցության ղեկավարությունը որոշել հենց հիմա միջադեպ ստեղծել Իրան-Թուրքիա սահմանին: Սակայն զուգահեռ մի իրադարձություն ստիպում է մտածել. հենց մարտի 31-ին ԱՄՆ-ն իրենց Patriot զենիթահրթիռային համակարգերը տեղակայել են Իրաքի արևմտյան Անբար նահանգի «Այն ալ-Ասադ» ավիաբազայում և Էրբիլի ռազմաբազայում՝ Իրաքյան Քրդստանում, սակայն առանց Իրաքի կառավարության համաձայնության։ Վաշինգտոնն արդեն վաղուց աշխատում է Իրաքում իր զորքերի անվտանգությունն ապահովելու նոր ծրագրի շուրջ, հատկապես Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Իրաքի և ԱՄՆ միջև բանակցությունները շարունակվում են հունվարից, երբ Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաների վրա: Մարտի 30-ին Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադիլ Աբդուլ-Մահդի ալ-Մունթաֆիկին նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ Իրանի հետ կապված իրաքյան աշխարհազորայինների վրա ցանկացած հարձակումների անթույլատրելիության վերաբերյալ։ Ալ-Մունթաֆիկիի հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի կառավարությունը մեծ անհանգստությամբ հետևում է իրավիճակին, մանավանդ՝ կապված չարտոնված թռիչքների և Իրաքի որոշ շրջաններում օտարերկրյա ուժերի կենտրոնացման հետ։ Այնուամենայնիվ, ամերիկացիները Իրաքում տեղակայել են իրենց ԶՀՀ-ը, և մահապարտ-պարտիզանուհին անմիջապես հարձակվել է թուրքերի վրա Գուրբուլաղ անցակետում՝ վնասելով Իրան-Թուրքիա գազատարը: Շարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը:

Սերգեյ Շաքարյանց

Աղբյուրը՝ livenews.am

Նույն շարքից