Առողջապահություն 

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր:

Օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար:

Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին:

Բոլորիս անունից երախտագիտության խոսքեր ենք ուղղում այս օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին:

Պինդ և առողջ եղեք:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Նույն շարքից