Կորոնավիրուս Հասարակություն 

Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ.

Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում:

Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման:

Շատ դեպքերում ճգնաժամի պատճառով ավելի են սրվել նախկինում գոյություն ունեցած խնդիրներն ու բարդությունները՝ բազմաթիվ մայրերի, դուստրերի, կանանց ու քույրերի դնելով առանձնահատուկ խոցելի վիճակում և կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար:

Բայց առավել ևս այս պայմաններում հարկ եմ համարում ընդգծել՝ մայրությունն ու գեղեցկությունը մեզ համար միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն:

Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաև առաջնորդության հատկանիշներ են և մենք այսօր փառաբանում ենք մայրության և գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը:

Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր հեռավար կրթության պայմաններում շարունակում են ուսուցչական իրենց առաքելությունը:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր ամենօրյա աշխատանքով ապահովում են մեր պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեությունը:

Մայրությունը և գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները:

Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով և խոնարհվում ենք ձեր առաջ:

 

 

Նույն շարքից