Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրել է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում: Նախագահը դրանով փորձում է օգնել երկրին, պետությանն ու ժողովրդին կորոնավիրուսի դեմ պայքարում: Բայց շոշափելի արդյունքներ, թե ինչ է արել քիչ լիազորություններ, բայց լայն հնարավորություններ ունեցող Արմեն Սարգսյանը Հայաստանի համար այս դժվարին օրերին, չեն երեւում: Ինչպես քաղաքական հարցերում, այնպես էլ այս իրավիճակում հանրությունը նրանից ռեալ գործնական քայլեր է ակնկալում՝ ուղերձներով սոված ժողովրդին չես կերակրի: Պարզվում է՝ մի գործնական քայլ արդեն իսկ կատարել է նա: Հաջողակ բիզնեսմեն, միլիոնների կարողություն ունեցող Արմեն Սարգսյանը չի ափսոսել եւ իր մի ամբողջ ամսվա աշխատավարձը՝ մոտ 1 մլն դրամ, արդեն իսկ փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված հաշվեհամարին: Ինչ խոսք, առաջին հերոսական քայլն արդեն արված է: Իհարկե, դա նրա ծով հարստության մեջ մի կաթիլ է»:

Թերթի հարցին՝ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն այս ընթացքում, հանուն Հայաստանի, ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը պատասխանել է. «Եթե Դուք նայեք վերջին շրջանի իր հեռախոսազանգերը, դրանք հենց այդ նպատակին էին ուղղված: Այնտեղ Աբու-Դաբիի թագաժառանգի հետ, Քաթարի էմիրի հետ, Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի առողջապահության նախարարի հետ… այդ բոլորն ուղղված էին հնարավոր համագործակցությանը եւ հնարավոր օգնությանը, նաեւ Չինաստանի նախագահին ուղղված նամակը: Եթե նայեք, վերջին մի 15 օրը իր բոլոր հեռախոսազանգերն ու ուղերձները նույն բովանդակությունն ունեն, թե ինչով կարող են մեզ օգնել՝ լինի դա պաշտպանիչ միջոցներ, սարքավորումներ, թեստեր եւ այլն»:

Հարցին՝ իսկ կա՞ն արդեն արդյունքներ, նշված երկրներն ուղարկե՞լ են օգնություններ, նա դժվարացավ պատասխանել, ապա նախագահի հետ ճշտելուց հետո թերթին փոխանցել է, որ արդյունքների մասին կարող ենք խոսել շաբաթվա վերջում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից