Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու իրականում Նիկոլ Փաշինյանը չփակեց Իտալիայից եկող չվերթները, երբ համաճարակն Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում

analitik.am

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի դրած», փորձում է իր «ճիշտն» առաջ տանել: Այսօր սկանդալով աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով վարչապետի խորհրդականը՝ վարչապետին, փաստացի, մեղադրելով գործիչ չհասկանալու և հանցավոր անգործության մեջ: Միևնույն ժամանակ, վարչապետը փորձում է մեզ բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածում առանձնապես ողբերգություն չկա, ավելին՝ բոլորս պետք է շնորհակալ լինենք 50 եվրոյով դեպի Իտալիա թռչելու իր ընձեռած հնարավորության համար: Մինչդեռ, կարելի էր սխալները տղամարդավարի ընդունել, ՔԱԿ-ում արագ կադրային փոփոխություններ կատարել և շտկելով EASA-ի ներկայացրած դիտողությունները՝ վերականգնել հայկական քաղավիացիայի արտոնագիրը Եվրոպայում: Բայց ոչ, ըստ վարչապետի՝ պետք է համառել ու մինչև վերջ խայտառակվել:

Համառության պատճառը պարզ է. վուլգար պոպուլիստների իշխանությունը աշխատանքի պատրանք ստեղծելու համար լայն զանգվածների համար կամ պետք է սովետական էժան երշիկի հասանելիություն ապահովեր, կամ էլ՝ սովետական «Сочи на три ночи» երևույթի հնարավորություն ընձեռեր: Ստացվեց երկրորդ տարբերակը: «50 եվրոյով դեպի Իտալիա» թռիչքները առերևույթ Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ հաջողված գործն էր: Ինչու՞ առերևույթ, որովհետև մեր՝ հարկատուներիս գրպանից դոտացիա տրամադրելով Ryanair-ին և Wizz Air-ին, մեր հաշվին մեզ լավություն էր անում: Էլ չենք խոսում մասնագետների բարձրաձայնած խնդիրների մասին առ այն, որ լոուքոսթերների հետ հարաբերվելու նման խնդրահարույց ձևաչափն ավիրելու է հայկական ավիացիոն շուկան և դա զուտ միայն ժամանակի հարց է: Հետոն կարևոր չէ, մենք ապրում ենք «Երկիր - ՀԺ-ում», Նիկոլ Փաշինյանին օրվա փիառ էր պետք: Փիառ, որ ԱԺ ամբիոնից գլուխ գովա և աշխատանքի պատրանք ստեղծի՝ ասելով, թե «50 եվրոյով կարող եք Հռոմ թռչել, բա դա անուղղակի կերպով աշխատավարձի ու թոշակի բարձացում չի՞»:

Ու հենց այդ փիառի համար էր, որ վարչապետը հապաղեց ու չփակեց Իտալիայից Երևան չվերթներն այն ժամանակ, երբ համաճարակը Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում: Այդ փիառն է, որ հիմա կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը: «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավել վարակված ու այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով հաստատված 7 մահվան դեպք: Եվ, ինչքան էլ խոսափի ու խուսանավի, միևնույնն է՝ կորոնավիրուսից պաշտոնապես գրանցված ու չգրանցված մահերը վարչապետի խղճին են»:

Նույն շարքից