Տնտեսություն 

Մեխակները թափեցի, 10 դրամով էլ տանող չկա. ջերմոցատերերն անելանելի վիճակում են

analitik.am

Հերմինեն մեխակների ջերմոց ունի Արարատի մարզում և արդեն մեկ ամիս է, չի կարողանում ծաղիկները վաճառել, գնորդ չկա:

«Եթե մեխակը տանում են, հատը 10 դրամ է, էն էլ ասում են՝ լավը լինի, խոշորը լինի: Առաջ, ինչ քաղում էինք, տանում էին, հիմա նազ են անում, քիչ են տանում ու լավն են ուզում, գինն էլ 10 դրամ: Մինչ էս դեպքերը 50-60 դրամ էր մեխակը, մեկ մեխակը վաճառվում էր մինչև 100 դրամ: էսքան էլ փող ենք դրել էս ջերմոցի վրա, լրիվ տակ ենք տվել»,- ասաց Հերմինեն:

Հերմինեի ընտանիքը Մխչյան համայնքում զբաղված է ծաղկի մշակությամբ, նա նման վատ շրջան չի հիշում: Միշտ ինչ-որ բան կարողացել են վաճառել, թեկուզ՝ ցածր գնով, իսկ գարնան շրջանում ծաղիկն ավելի թանկ է լինում, քան՝ աշնանը:

«Մի քիչ մնացել է մեխակից, սպասում եմ՝ Զատիկ է շուտով, հույս ունեմ կվաճառվի: Թե չէ սոված ենք մնալու, ոչ թե սոված՝ հաց չկա ուտելու, այլ եկամուտ չունենք, դե Զատիկ էլ է, ո՞նց չնշենք, մենք էլ տեղ ունենք գնալու, փող է պետք: Մեխակ էինք դրել, որ մեր հոգսերը հոգանք, բայց դե սենց եղավ»,- ասաց Հերմինեն:

Նարինեն էլ ջերմոցում կանաչի է մշակել այս սեզոնի համար՝ համեմ և սամիթ: Եթե նախկինում օրը 100-120 կապ էին վաճառում, հիմա՝ լավագույն դեպքում 10 կապ:

«Ոչ լույսի, ոչ էլ գազի փողը չեմ տվել, ո՞նց տամ: Ի՞նչ եմ ծախսել, որ տամ: Ես պետական աշխատանք չունեմ, իմը էս ջերմոցն է, պիտի բերքը վաճառեմ, որ կարողանամ լույս ու գազի, հացի հարցը լուծեմ»,- ասաց Նարինեն և հավելեց, թե տեղյակ է, որ օգնում են մարդկանց, սակայն ինքը անչափահաս երեխաներ չունի, գրանցված աշխատող չէ և հույս չունի, որ որևէ օգնություն կհասնի իրեն:

«Ոչ մի բան էլ չեմ ուզում, մենակ ուզածս էն ա, որ ինչ ցանել եմ, չարչարվել եմ, վաճառեմ, իմ հարցերը լուծեմ, բայց տեսնում ես՝ համ համեմն է մնացել բոյովացել, համ էլ սամիթի մեջ է նեխն ընկել: Հիմա ես ի՞նչ անեմ, որ հոգսը հոգամ: Իմն էլ էս է»,- ասաց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից