Կորոնավիրուս Հասարակություն 

Խնդրում եմ օգնեք երեխաներս սոված չմնան, ոչ կաթ ունեն, ոչ տակդիր. քաղաքացին սոցիալապես ծանր վիճակում է․NEWS.am

analitik.am

Հայտնվել ենք ահավոր վիճակում, ամոթ եմ զգում, նեղվում եմ, որ չեմ կարողանում աշխատել իմ փոքր՝ կաթ ուտող երեխաներին ապահովել սնունդով, բայց ոչ մեկ չունեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ՝ Սմբատ Պողոսյանը։

«28 տարեկան եմ, ապրում եմ կնոջս եւ 2 երեխաներիս հետ՝ 1.5 եւ 2.5 տարեկան են, ամենաուշը մեկ ամսից 3–րդ բալիկս է ծնվելու։ Ես մենակով աշխատել եմ իմ ընտանիքը լավ–վատ պահել եմ, կարողացել եմ, բայց հիմա սոված նստած ենք։ Օրավարձով բանվորություն եմ արել, ինտերնետով հայտարարություն եմ տվել, զանգել գործեր են առաջարկել, աշխատել եմ, գլուխ չեմ պահել, բայց հիմա ահավոր վիճակում եմ հայտնվել, ոչ մեկ չկա, որ ձեռք մեկնի, մենակ եմ մնացել։ Մայրս, քույրս ու եղբայրս մահացել են։ Մորս մահից հետո հորս հետ էլ շփում չկա...»,– ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ կարողանա երեխաներին սնունդով ապահովի. «Դեռ փոքր են, արհեստական կաթ են ուտում։ 2 խանութ կա, որ ինձ ճանաչում են, պարտքով տվել են, բայց հիմա այդ խանութներում ընդհանուր 150 հազար դրամի պարտք է կուտակվել, ասում են, պետք է բերես գումարը տաս, որ մենք էլ կարողանանք նոր ապրանք պատվիրենք, որ էլի կարողանանք պետք եղած ժամանակ օգնել։ 30 հազար դրամ նպաստ ենք ստանում, բայց դրանով ո՞նց ապրեմ, էլ չգիտեմ ինչ անեմ։ Զանգել ենք թաղապետարան, որ այս ընթացքում օգնեն, ասում են դեռ բան չկա, նոր ծրագրեր են լինելու այդ թվում հղիների համար, երբ լինի կստանաք ու էլ ոչ մի լուր։ Վատ եմ զգում ջահել տղա օգնություն խնդրեմ, բայց հավատացեք էլ ճար չունեմ։ Դժվար օրեր շատ եմ ունեցել, տանս պայմանները լավ չեն, վառարան եմ դրել փայտ ենք վառում, նորմալ լոգարան չունենք, բայց դրանք կամաց–կամաց կաշխատեմ, կստեղծեմ, երբեք հացի խնդիր չեմ ունեցել, անգամ, երբ գործերս լավ են եղել հիվանդ հորեղբայր ու տատիկ ունեմ, որ մեր տանը մոտ են ապրում, իրենց էլ եմ օգնել»։

Նրա խոսքով՝ ձմռանը աշխատանքը քիչ էր լինում, բայց հասցնում էր տան հոգսերը հոգալ, հիմա խնդրում է, որ սնունդուվ իր երեխաների համար անհրաժեշտ պարագաներով օգնեն, ոտքի կանգնի. «Խնդրում եմ օգնեք երեխաներս սոված չմնան, ոչ կաթ ունեն, ոչ տակդիր, խանութի պարտքերն էլ ուզում են…»

Քաղաքացին խնդրում է բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել զանգահարեն նշված հեռախոսահամարով՝ 093563365 Սմբատ Պողոսյան։

Նույն շարքից